Սա աշխատանք է, երբ սերը, միտքը, փոխադարձ զրույցը բերում են այն անփոխարինելի հաճույքին, երբ բաժանման եզրին կանգնած վիճակում նորից գրկախառնվում են մարմինն ու հոգին. Լուիզա Ղամբարյան

 Life.panorama.am — ը գրում է.
Կանանց տոնական մեկամսյակի շրջանակում-ի՝ «Ե՞րբ է կինը երջանիկ» շարքի զրուցակիցն է դերասանուհի Լուիզա Ղամբարյանը: Հատուկ հարցին, թե ե՞րբ է կինը երջանիկ, Լուիզան պատասխանեց.
«Տարբեր տարիքներում ու հոգեվիճակներում կնոջ երջանկությունը կախված է ամեն անգամ այլ երևույթներից: Բայց, եթե ամփոփ ներկայացնենք, ապա կնոջ երջանկությունը առաջին հերթին կայանում է մայրության բերկրանքի մեջ: Այն կանայք, ովքեր ունեն առողջ միտք և առողջ մարմին, ապա նրանց երջանկության կատարելությունը մայր լինելն է՝ անկախ հասարակական դիրքից, ռասսայական պատկանելիությունից և այլն: Սա բացարձակ երջանկության մոդել է, դրանից զատ կինը երջանիկ է, երբ նա սիրված է իր տղամարդու, աշխատանքի, շրջապատի կողմից: Կինը տրանսֆորմատոր է, երբ նա սեր է ստանում, ապա նա երջանիկ է, իսկ երբ կինը երջանիկ է, ապա երջանիկ են նաև նրան շրջապատողները»:

Դերասանուհին համաձայն չէ այն կարծիքների հետ, թե սերը ժամանակի ընթացքում մեռնում է և առավել կարևոր է փոխադարձ հարգանքը:

«Ես համաձայն չեմ դրա հետ, քանի որ հարգանքի հիմքում էլ սեր պետք է լինի: Եթե չլինի սեր, չի լինի հարգանք, չի լինի միմյանց հետ շարունակելու, հանուն, որևէ բանի համար միասին ապրելու գաղափար: Գուցե ժամանակի հետ կիրքն է վերափոխվում, գուցե սերն իր դրսևորումներն է փոխում, գուցե հասկանում ես, որ նա այլևս քոնն է ու պայքարդ է թուլանում, բայց այդ ամենը չի նշանակում, որ այլես չես սիրում: Իհարկե, եթե խոսքը գնում է զգացմունքի պահպանման մասին: Անշուշտ լինում են դեպքեր, երբ քեզ թվում է, թե սիրում ես, բայց իրականում հասկանում ես, որ դա միայն քեզ թվում էր: Իսկ սերը այն հարատև ու ուժեղ զգացմունքն է, որը և հեքիաթ է, և շատ իրական: Եթե կա սեր, ուրեմն այն պետք է գնալով շատանա, բայց իհարկե փոխադարձ աշխատանքի շնորհիվ: Ես գտնում եմ, որ սերը տրվում է Աստծուց, բայց այն պիտի պահեն և պահպանեն մարդիկ»,- նկատեց նա:

Սիրո և հարաբերությունների մեջ շատ կարևր է փոխադարձությունը: Թե ինչպե՞ս պետք է ճիշտ մղել այս պայքարն ու երկուսով հասնել երջանկության, Լուիզա Ղամբարյանը կարծում է, որ դա միայն համատեղ մեծ աշխատանքի արդյունքում է հնարավոր:

 

Նյութի աղբյուրը՝ Life.panorama.am