Մամուլ

Սարի Թաղում փեսան դանակահարել է աներոջը

Նոյեմբերի 12-ին, ժամը 10:00-ի սահմաններում վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Սարի Թաղում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվում ժամը 10։15-ի սահմաններում, որ Երևանի 103 շտապօգնության 05 բժիշկների խումբը իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել մի քաղաքացու՝ «կրծքավանդակի ձախ կեսի դանակահարում» ախտորոշմամբ։

Էրեբունու համայնքային ոստիկանության բաժնի ծառայողները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 54-ամյա Տիգրան Սարգսյանն է, իսկ ըստ բժիշկների նա ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնի ծառայողները պարզել են նաև, որ ժամը 09:30-ի սահմաններում Տ. Սարգսյանի և վերջինիս փեսայի՝ Երևանի բնակիչ 24-ամյա Էրիկ Երվանդյանի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ Է. Երվանդյանն իր մոտ գտնվող խոհանոցային դանակով մեկ անգամ հարվածել է Տ. Սարգսյանին:

Նշված տեղեկությունը Էրեբունու համայնքային ոստիկանությունից փոխանցում է նաև ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի քրեական վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների բաժին, և քրեական ու համայնքային ոստիկանության համագործակցության արդյունքում, տաք հետքերով, Սայաթ-Նովա պողոտայում ոստիկանները հայտնաբերում են Է. Երվանդյանին և տեղափոխում ոստիկանություն, որտեղից էլ նրան ներկայացնում են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով, վիճաբանությանը ներկա են եղել նաև կանայք, ու եթե Էրեբունու համայնքային ոստիկանները օպերատիվ չգործեին, վիրավորների թիվը կհասներ 2-ի կամ 3-ի։ Այդ մասին դեպքի վայրում ասում էին հարևանները, սակայն հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել։

Նախաքննության շահերից ելնելով որոշ մանրամասներ չենք հրապարակում։

Կիսվեք էջում