Ռուս միլիարդատերը պատրաստվում է Մխիթարյանին «Սոչի» ակումբ հրավիրել

Ռուս միլիարդատերը պատրաստվում է Մխիթարյանին «Սոչի» ակումբ հրավիրել։ «Սոչի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Բորիս Ռոտենբերգը խոսել է Հենրիխ Մխիթարյանին իր թիմ հրավիրելու մտադրության մասին։

«Սոչի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Բորիս Ռոտենբերգը խոստովանել է, որ մտածել է Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու մասին։ Այս մասին Ռոտենբերգն ասել է «Матч Премьер»-ի եթերում։

«Այդպիսի գաղափար կար, մինչև հիմա էլ մտածում եմ այդ մասին։ Բայց այդ թեմայով որևէ քայլ չեմ արել, ոչ մեկի հետ կապ չեմ հաստատել։ Ժամանակը ցույց կտա`նման բան հնարավո՞ր է, թե ոչ»,- ասել է Ռոտենբերգը։

Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ թիմը ձևավորվում է հետևյալ սկզբունքով` հիմնականում հրավիրվում են ռուսաստանցի ֆուտբոլիստներ, որ հետագայում կարողանան խաղալ նաև հավաքականում։

Նշենք, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը 2018 թվականի սկզբից է հանդես գալիս «Արսենալում»։ 30-ամյա հայ ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդի», Դորտմունդի «Բորուսիայի», Դոնեցկի «Շախտյորի», «Մետալուրգի», ինչպես նաև Երևանի «Փյունիկի» կազմերում։

Մխիթարյանի պայմանագիրն «Արսենալի» հետ ուժի մեջ է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը։

Նախորդ մրցաշրջանում Մխիթարյանն ակումբային մակարդակում բոլոր մրցաշարերում, ընդհանուր առմամբ, 39 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 6 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

Աղբյուր՝ armeniasputnik.am