Ռուս խաղաղապահներն արդեն հսկում են Մեղրի-Ագարակ ճանապարհը

Ռուս խաղաղապահներն արդեն հսկում են Մեղրի-Ագարակ ճանապարհը

Yerevan.today-ը գրում է. «Հայաստանում այլեւս մի համայնքից մյուսը գնալիս ստիպված եք մաքսակետերով կամ անցակետերով անցնել կամ շրջանցել ճանապարհը՝ առանց խոչընդոտ անցնելու համար։

Լուսանկարը Մեղրի-Ագարակ ճանապարհից է։ Ռուս խաղաղապահներն արդեն հսկում են ճանապարհը եւ բոլոր քաղաքացիներին կանգնեցնում, ստուգում, նոր բաց թողնում։

Այս մասին ՀՀ քաղաքացին նախապես չի տեղեկացվել։ Ագարակ այցելելիս քաղաքացիները հանկարծակի բախվել են այս խնդրին։ Ու կառավարությունը դեռ որեւէ բացատրություն չի տվել։ Yerevan.Today-ը կփորձի կառավարությունից պարզաբանում ստանալ իրավիճակի վերաբերյալ։

Նշենք, որ սա արդեն երրորդ խոչընդոտն է Սյունիքում։ Կապան-Ճակատեն, Գորիս-Կապան ճանապարհից հետո սա արդեն երրորդն է։ Մի տարբերությամբ, որ առաջին երկուսը զավթել են ադրբեջանցիները։

Ավելին, Հայաստանի մայրուղիներում կար հատված, որտեղ ԱԱԾ աշխատողները վարորդներին կանգնեցնում էին ու հորդորում արագ քշել, որպեսզի գերի չընկնեն։

Այսքանով ամենը չի ավարտվում։ ՀՀ կառավարությունը շրջանցիկ ճանապարհ է կառուցում Նոյեմբերյանի մայրուղու հարեւանությամբ, քանի որ, ըստ տեղեկությունների, «անկլավների հանձնում» ծրագրի շրջանակներում, որը ստացել է սահմանագծում-սահմանազատում անունը, մայրուղին հանձնելու են ադրբեջանցիներին»։