Ռուսաստանից ռեկորդային ծավալի գումարներ են փոխանցվում Հայաստան․ «Հետք»

Ռուսաստանից ռեկորդային ծավալի գումարներ են փոխանցվում Հայաստան

Hetq.am-ը գրում է․ Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումները ակտիվացել են։ Տնտեսագետները դա պայմանավորում են Հայաստան ժամանած ռուսաստանցիների գործարքներով։ Այդ գումարները լրացուցիչ խթան են տնտեսության համար, սակայն պարզ չէ՝ երկարաժամկե՞տ, թե՞ կարճաժամկետ։ 

Մայիսին արտասահմանից Հայաստան դրամական փոխանցումները 2.3 անգամ աճել են

2022 թվականի մայիսին ֆիզիկական անձինք բանկերի միջոցով արտասահմանից Հայաստան են ուղարկել 412 մլն դոլար։ Ինչպես վկայում են Կենտրոնական բանկի հրապարակած տվյալները, սա ռեկորդային ցուցանիշ է Հայաստանի համար։

Առնվազն 2004 թվականից, որից սկսվում է տրանսֆերտների վիճակագրությունը, ոչ մի ամիս այդ ծավալի գումար չի փոխանցվել Հայաստան։

Հատկանշական է, որ մինչև մայիս, ռեկորդային էր ապրիլի ցուցանիշը։

Նախորդ տարվա մայիսի համեմատ տրանսֆերտներն աճել են 2.3 անգամ։ Այս աճը պայմանավորված է Ռուսաստանից կատարվող փոխանցումներով։

Այս տարվա մայիսին միայն Ռուսաստանից Հայաստան է փոխանցվել 266 մլն դոլար, որը 3.7 անգամ գերազանցում է նախորդ տարվա մայիսի ցուցանիշը։

Ինչպես ցույց է տալիս տվյալների վերլուծությունը, տրանսֆերտների կտրուկ աճ է նկատվում մարտից։

Ընդհանուր առմամբ, այս տարվա առաջին հինգ ամիսներին արտասահմանից Հայաստան տրանսֆերտները կազմել են 1 մլրդ 272 մլն դոլար, որից 679 մլն դոլարը Ռուսաստանից է, 257 մլն դոլարը՝ ԱՄՆ-ից, 336 մլն դոլարը՝  այլ երկրներից։

2021 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ ընդհանուր տրանսֆերտներն աճել են 70%-ով։ Մասնավորապես, Ռուսաստանից ստացվող գումարները աճել են 2.3 անգամ, իսկ ԱՄՆ-ից՝ 21%-ով։

Փողի հասցեատերը ռուսաստանցիներն են

Ռուսաստանից ուղարկվող գումարների ավելացումը մեծապես պայմանավորված է ոչ թե արտագնա աշխատանքի մեկնած հայաստանցիների գործոնով, ինչպես սովորաբար լինում է, այլ՝ ռուս-ուկրաինական պատերազմից հետո Հայաստան ժամանած ռուսաստանցիներով։

Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը նկատում է, որ սեզոնային աշխատողների կողմից Ռուսաստանից հոսող գումարների այսչափ աճի հիմքեր չկան։ Մինչդեռ, ակնհայտ է, որ ռուս-ուկրաինական պատերազմից հետո Հայաստան եկած ռուսաստանցիների մի մասը իր կապիտալը տեղափոխում է այստեղ։

«Եթե դիտարկում ենք ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում բացված ընկերությունների վիճակագրությունը, տեսնում ենք, որ ռուսաստանցիների գալուց հետո քանակը էապես աճել է։ Նրանց մի մասը փորձում է խուսափել ամերիկյան և եվրոպական պատժամիջոցների ազդեցությունից և այստեղ է տեղափոխում իր կապիտալը»,- նշում է տնտեսագետը։

Բացի բիզնես նպատակներից, ռուսաստանցիները Հայաստանում գումարներ են ծախսում նաև հանգստի, ժամանցի, տան վարձակալության և այլ նպատակներով։ Արդյունքում, այդ գումարները դրական նպաստ են ունենում հատկապես ծառայությունների ոլորտի վրա, անշարժ գույքի և առևտրի։

«Այս տարվա հունվար-մայիսին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 10.2 %-ով աճել է։ Ընդ որում՝ միայն ծառայությունների աճը կազմել է 24.9%: Վստահ կարելի է ասել, որ այս աճի վրա էական ազդեցություն է ունեցել ռուսաստանցիների ներհոսքը»,- նշում է տնտեսագետը։

Տրանսֆերտների աճով ավելանում է դոլարի քանակը Հայաստանում, որն էլ վերջին երեք ամիսներին դոլարի արժեզրկման գլխավոր պատճառներից մեկն է։

Կշարունակվի արդյո՞ք տրանսֆերտների աճը կամ որքան ժամանակ այստեղ կմնան Ռուսաստանից ժամանած քաղաքացիները, կախված կլինի ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքից հարցին Կառլեն Խաչատրյանը պատասխանում է.

«Եթե  ավարտվի, այդ դեպքում էական նշանակություն ունի, թե այն ինչ հանգուցալուծում կստանա։ Եթե Ռուսաստանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցները թուլանան, ապա, ամենայն հավանականությամբ, նրանց մեծ մասը, իր կապիտալով հանդերձ, կվերադառնա իր հայրենիք»։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում