Ռուսական համարներով Նիվան Բրյուսովի համալսարանի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինս տեղում մահացել է

Ռուսական համարներով Նիվան Բրյուսովի համալսարանի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինս տեղում մահացել է

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունիսի 2-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 03։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 31-ամյա Սամվել Խաչատրյանը իր վարած ռուսական համարանիշներով ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենայով Մոսկովյան փողոցում՝ Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ, 62-ամյա Գոհար Մելիքյանին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։

Վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին,ահազանգել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է վրաերթի ենթարկվածի մահը։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատարի պաշտոնակատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկներ Մարինե Հովակիմյանն ու Արամ Խաչատրյանը, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները մեքենաները չկայանեն, և խցանում տեղի չունենա։

Դեպքի մասին պարեկային ծառայությունից տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության  ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, ավագ քննիչ Նարեկ Ստեփանյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ Ն. Ստեփանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է ոչ սթափ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։