«Ռոստելեկոմը» հանվել է վաճառքի. հավանական գնորդը Սամվել Կարապետյանն է

«Ռոստելեկոմը» հանվել է վաճառքի. հավանական գնորդը Սամվել Կարապետյանն է

«Փաստինֆոն» գրում է․ Հայաստանում գործող հեռահաղորդակցության օպերատոր «Ռոստելեկոմի» 100 տոկոս բաժնետոմսերը հանվել են վաճառքի, և արդեն իսկ կա գնորդ։ Այս տեղեկությունը «Լուրերին» հաստատել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։

«ՋիԷնՍի-Ալֆա» ՓԲԸ-ն, որը ներկայացնում է «Ռոստելեկոմ» ապրանքանիշը, բոլոր թույլտվությունները ստանալու դեպքում վաճառվելու է «Հայաստանի էլեկտրական ցանցերին»։

«Դիմում ստացել ենք։ Հավանական գնորդը ՀԷՑ-ն է և մեկ այլ ֆիզիկական անձ»,- «Լուրերին» ասել է ՀԾԿՀ նախագահը։ Վերջինիս փոխանցմամբ՝ ներկայում ընթանում է գործարքի թույլտվության հետ կապված գործընթաց․ Կառավարություն, Ազգային անվտանգության ծառայություն, Մրցակցության պաշտպանության հանձնաժողով դիմումներ են հասցեագրվում՝ կարծիքների համար։ Կառավարության աշխատակազմին ևս դիմում է հասցեագրվել գործարքի վերաբերյալ, սակայն դեռ պատասխան չկա:

Ինչպես տեղեկացրել են ՀԾԿՀ-ից, ՀԷՑ-ը «Ռոստելեկոմի» բաժնետոմսերը ցանկանում է ձեռք բերել «Molitro Holdings Limited» ընկերության միջոցով, որի բաժնետոմսերի 60 տոկոսը պատկանում է ՀԷՑ-ին, իսկ 40 տոկոսը՝ ՌԴ քաղաքացի Արման Ունանյանին։ «Molitro Hօldings Limited»-ը ՀԾԿՀ դիմում ներկայացրել է հոկտեմբերի 19-ին։

ՀԷՑ-ի բաժնետերը 2015-ից ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանն է։ Ներկայում ընկերության բաժնետոմսերի 30 տոկոսը պատկանում է «Լիորմանդ հոլդինգզ լիմիթեդ» ընկերությանը։