Մամուլ

Ռոմանն ու Արսենն անցան պատերազմը, պայքարեցին շրջափակման մեջ ու անմահացան

Ռոմանն ու Արսենն անցան պատերազմը, պայքարեցին շրջափակման մեջ ու անմահացան

Քույրը՝ Էլենը, MediaHub-ին պատմում է իր հերոս եղբայրների մասին։

Ռոման Թելյանն ու Արսեն Մարկոսյանը եղբայր լինելուց առաջ դեռ մանկուց հավատարիմ ընկերներ էին ու այդպես մնացին մինչև վերջ։ Երկուսն էլ 19 տարեկան էին, գալիք տարում պիտի 20-ը բոլորեին։

2022 թվականին միասին զորակոչվել են բանակ, մի քանի ամիս անց՝ դարձել պայմանագրային։ Դիրքերում էին, երբ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին լայնածավալ գործողություններ սկսեց Արցախի դեմ։ 

«Կռվի մասնակից են, եղել են ամենաթեժ կետերում։ Մինչև սեպտեմբերի 23-ը Ռոմանը եղել է շրջափակման մեջ, մի այլ ուղղությամբ՝ մինչև ամսի 24-ը՝ Արսենը։ Դուք չեք կարող պատկերացնել մեր հարազատության ուրախությունը, երբ տղերքը կարողացել են դուրս գալ, փրկվել, միանալ ընտանիքներին։ Մորաքրոջս ու մորեղբորս ընտանիքներում այնքան մեծ էր այդ սպասումը, որ մոռացել էինք մի պահ հայրենազրկման ու հարկադրված տեղահանության մասին»,-պատմում է Էլենը։ 

Ռոմանն ու Արսենը Առաջաձոր գյուղից են։ Երբ դիրքերից վերադարձել են, տուն գնալու հնարավորություն չեն ունեցել․ Առաջաձորը թշնամու վերահսկողության տակ էր։ Ստեփանակերտում հանդիպել են իրենց ընտանիքներին։ 

«Դա այն ժամանակահատվածն էր, երբ քաղաքում ամենուրեք տեղահանված, անօթևան մնացած ընտանիքներ էին, իրար փնտրող ու հոգեվարքի մեջ հայտնված մարդիկ։ Ու այդ խուճապի մեջ հայտնվում են մեր տան լույսերը․ փրկվել են։ Իրենք շատ տխուր էին և իրենց պարտված չէին համարում»,-պատմում է քույրը։ 

Հարազատների ուրախությունը երկար չտևեց սակայն։ Էլենն ասում է, որ տղաները հաջորդ օրվանից լծվել են վառելիք հայթայթելու գործին։ Դիմել են որտեղ ասես, բայց չեն գտել, մինչև այն պահը, երբ լսել են Ասկերան-Ստեփանակերտ ավտոճանապարհի պահեստում տրամադրում են։

«Քանի որ մեծ ընտանիքներ են, որոշել էին միասին դուրս գալ միաժամանակ 2 մեքենայով։ Ռոմանը, Արսենը և իր հարազատ եղբայրը՝ Արտյոմը, հայտնվում են Հայկազովում։ Մենք երեկոյան բակում կանգնած էինք, երբ մեր հարևանը սարսափահար եկավ ու հայտնեց պայթյունի մասին լուրը։ Բոլորս խառնվեցինք իրար ու վազելով բռնեցինք հիվանդանոց տանող ճանապարհը, իսկ տղամարդիկ՝ դեպի աղետի վայր։

Այնքան շատ էին վիրավորները ու նրանց փնտրող մարդիկ, որ հիվանդանոցի բակից սկսած մինչև վերակենդանացման բաժանմունք՝ ասեղ գցելու տեղ չկար, վիրավորներ էին»,- հիշում է մեր զրուցակիցը։ 

Նրա խոսքով, շատերն անճանաչելի էին, վառված, մի մասը՝ սևացած։ «Երբ մայրը փնտրել է վերակենդանացման բաժանմունքում, կանգնել է որդու մոտ ու չի ճանաչել, Ռոմանն է “մամա” ձայն տվել ու նոր իմացել ենք, որ ողջ է։ Հետո հիվանդասենյակում Արսենին ենք գտել։

Ցավոք, նա 90% այրվածք էր ստացել։ Սեպտեմբերի 26-ի առավոտյան մահացավ….»։ Ռոմանն ու Արտյոմը նույն օրն ուղղաթիռով տեղափոխվել են Երևան։ Մայրը մի քանի անգամ այցելել է Ռոմանին։ Չիմանալով եղբոր մահվան մասին, նա անընդհատ Արսենից է հարցրել, մայրն ասել է՝ «լավ է, Երևանում է, ինքն էլ է հիվանդանոցում»։ 

«Հոկտեմբերի 2-ին հիվանդանոցից զանգել ու ասել են, որ Ռոմանը հողաթափեր է ուզում, որ հիվանդասենյակներում փնտրի եղբորը։ Նրանք անբաժան էին և՛ որպես եղբայր, և՛ որպես ընկեր։ Հոկտեմբերի 3-ին առավոտյան իր սիրտն էլ չի դիմացել, 70% այրվածնքեր ուներ, մահացավ»,-ցավով նշում է Էլենը։ 

Հոկտեմբերի 5-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնն իր հերոսների կողքին ընդունեց 2 եղբայրներին։ Անցան պատերազմի ողջ փորձություններով, պայքարեցին շրջափակման մեջ, անմահացան կրակի ճիրաններում։ Ավելի ուշ նրանց մյուս եղբայրը՝ Արտյոմն ապաքինվել ու դուրս է գրվել հիվանդանոցից։ 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել նյութով