Ռոբերտ Քոչարյանի հնարավորությունները մեծ են. նրա դեպքում գրավի կիրառումն անթույլատրելի է. Սեդա Սաֆարյան

Ռոբերտ Քոչարյանի հնարավորությունները մեծ են. նրա դեպքում գրավի կիրառումն անթույլատրելի է։ Մարտի 1-ի գործով տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը Ռոբերտ Քոչարյանի գործով նոյեմբերի 5-ի դատական նիստին անդրադարձավ քրեական գործի որոշ ապացույցների, որոնք իր կարծիքով՝ շատ կարևոր են Ռոբերտ Քոչարյանի անձը բնորոշելու և նրա նկատմամբ խափանման միջոցը ճիշտ ընտրելու առումով:

Սեդա Սաֆարյանը դատարանի դահլիճում հայտարարեց. «Երբ փետրվարի 23-ին խորհրդակցության ժամանակ Մանվել Գրիգորյանը չի ներկայանում և Ռոբերտ Քոչարյանը վրդովված տոնով պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին հայտնում է, որ նա չի տիրապետում իրավիճակին և չի կարողանում իր ենթականերին բերել ու քաղաքական գործընթացներին մասնակից դարձնել, ասում է, որ նրա՝ չգալու դեպքում նրա մաման լացացնելու է:

Սա ՀՀ առաջին դեմքի բնավորության կոշտության, մեկ անձի ազդեցության և վտանգավոր լինելու հանգամանքի մասին է: Դրանից հետո պաշտպանության կողմը սկսեց ասել, որ զորքը բերվել է այն պարզ պատճառով, որ Մանվել Գրիգորյանը և երկրապահը պետք է միանային ժողովրդին, և դա վտանգավոր էր ու զորքը չեզոքության պայմաններում չկարողացան պահել, և այսօր մեղադրանքի ծավալում դա մեծ տեղ է գրավում»:

Սեդա Սաֆարյանը պնդեց, որ Ռոբերտ Քոչարյանը, մասսայաբար օրենք խախտելով, իր անձնական հատկանիշներով կարողացել է անգամ պաշտպանության նախարարին ներքաշել այս ամենի մեջ և ասել, թե ապացուցեք, որ կապ ունեմ, թե տեղյակ չեմ 0038 որոշումից և մնացած հանգամանքներից:

Սեդա Սաֆարյանը նորից մի դրվագ ներկայացրեց ցուցմունքներից. «Երբ հրամանատարներից մեկը զորքը շարել է և ասել, որ որևէ մեկը հանկարծ չփորձեք կրակել և զինվորներից մեկն առաջ է եկել, թե ես կկրակեմ և նրան մեկուսացրել են, քիչ անց պարզ է դարձել, որ նախագահականում տեղյակ են այդ ամենից և հրամանատարին ազատել են աշխատանքից: Այնպես չէ, որ Բելլա Քոչարյանն ազատեց այս մարդուն աշխատանքից, այդպիսի ցուցմունքներ կան»:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն այս առիթով առարկություն ներկայացրին: Սեդա Սաֆարյանը շարունակեց. «Երբ մարտի 1-20-ը բոլոր քաղբանտարկյալների գործով նախաքննությունը, մեղադրական եզրակացությունը մտել էր դատարան, էլի Ռոբերտ Քոչարյանը հանդիսանում էր արդարադատության երաշխավորը և նախաքննական մարմնին կարողացավ արտակարգ դրություն հայտարարելով՝ թույլ տալ, որ միակողմանի գործի քննություն տարվի: Սրանք խոսում են անհատական այնպիսի բնավորության գծերից և պահվածքից, որոնք խաթարել են արդարադատությունը: Ռոբերտ Քոչարյանի հնարավորությունները մեծ են, և նա կարող է ներկա փուլում իրավիճակներ ստեղծել, որոնք կարող են ազդել սույն գործի արդարադատության հանգամանքի վրա»:

Սեդա Սաֆարյանն ասաց, որ նախորդ անգամ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ խափանման միջոցը գրավով փոխարինելու միջնորդությունից հետո ոչինչ չի փոխվել. միայն Սեյրան Օհանյանն է երկրից բացակայել, վերադարձել, ուստի չի առաջացել խափանման միջոցի վերանայման խնդիր: Սեդա Սաֆարյանը նշեց, թե ավելին, նախաքննության ընթացքում տվյալներ կան այն մասին, որ մի շարք անձինք՝ բարձրաստիճան պաշտոնյաներ, ցուցմունքներ ենք տվել, թե ինչպես են փամփուշտները փոխել, դրանց մասնակից է դարձել նախագահականը, թե ինչպես է իշխանությունը շահագրգիռ եղել, որ զորքի ներքաշումը չերևա միջազգային կառույցների մոտ.

«Սրանք այն փաստերն են, որ արվել են պետական մակարդակով, առաջին դեմքով, և ամբողջ հանրապետության համակարգերը թաթախված են եղել անօրինականության մեջ: Առաջին տեղում եղել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը»:

Սեդա Սաֆարյանն ամփոփելով ասաց, որ իր կարծիքով՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոփոխման ենթակա չէ, և պահպանվել են այն բոլոր հիմնավորումները, որ 15-20 օր առաջ դատարանը տվել է: Նա եզրափակեց՝ Ռոբերտ Քոչարյանի պարագայում գրավի կիրառումն անթույլատրելի է:

Աղբյուր՝ aravot.am