Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի դեկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններին

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, այդ մասին հայտարարել է ինքը՝ Քոչարյանը՝ «Bloomberg»-ին տված հարցազրույցում։

«Որքան հասկանում եմ, ընտրությունները կայանալու են դեկտեմբերին և դա լինելու է Փաշինյանի անձնական հաղթանակը։ Սակայն դա լինելու է մեր երկրի լրջագույն պարտությունը», – լրատվամիջոցին ասել է Քոչարյանը։

ՀՀ 2-րդ նախագահն ասել է, որ այժմ ընտրություններ անցկացնելը ճիշտ չի լինի և առաջին հերթին հենց Փաշինյանի համար։

«Նման մոդելը չի կարող հաջողված լինել, քանի որ մեկ քաղաքական մոնոպոլիան փոխարինվում է մյուսով», – ասել է Քոչարյանը։

Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը, ըստ Քոչարյանի, որպես կուսակցություն ձևավորված չէ, և հասկանալի չէ, թե ինչպես է այդ կուսակցությունն իր վրա երկիրը կառավարելու բարձր պատասխանատվություն վերցնելու։

«Ակնհայտ է, որ նրանք իրենց մոտ չեն ներգրավում պրոֆեսիոնալների», – նշել է Քոչարյանը։