Ռոբերտ Քոչարյանը կհեռանա Պուտինի հետ

Ռոբերտ Քոչարյանը կհեռանա Պուտինի հետ։ Կալանքից ազատ արձակվելուց հետո ռուսական Սիստեմա ընկերությունն առաջարկել է Ռոբերտ Քոչարյանին կրկին ընդգրկել տնօրենների խորհրդի կազմում: Այս ընկերությունը կապի խոշորագույն օպերատորն է Ռուսաստանում, սակայն նրա գործունեության շրջանակը ներառում է տնտեսության նաեւ այլ ոլորտներ:

Քոչարյանի գործի ողջ ընթացքում Ռուսաստանը պաշտոնական եւ այլ մակարդակներով պարբերաբար հայտնում էր իր դժգոհությունը, եւ շատերը նաեւ դրանով են պայմանավորում հայ-ռուսական հարաբերություններում առաջացած խնդիրները: Սա իհարկե քիչ ինչ չափազանցված գնահատական է, քանի որ այդ խնդիրները միշտ էլ եղել են, եւ դրանք կամ չեն լուծվել ու կուտակվել են, կամ էլ լուծվել են միակողմանիորեն: Ռուսաստանը միշտ է «դժգոհ» Հայաստանից, եւ ինչպես կասեր Օստապ Իբրահիմովիչը, պատճառ միշտ էլ կգտնվի: Այս անգամ պատճառը կարող է լինել նաեւ Քոչարյանը:

Իսկ ումի՞ց չի դժգոհ Ռուսաստանը: Դա գալիս է այդ երկրի կառավարող վերնախավերի հավակնություններից ու հոգեկերտվածքից, ռուսաստանցի ժողովրդի աշխարհընկալումից: Ռուսաստանը դժգոհ է նույնիսկ Թուրքիայից, որի առջեւ լայնորեն բացել է իր դռներն ու պատուհանները, ներելով իր օդանավի, դեսպանի սպանությունները:

Քոչարյանի պարագայում կա իհարկե մեկ այլ գործոն՝ անձնականը: Եվ խնդիրը միայն Քոչարյանի ու Պուտինի միջեւ քիմիան չէ, որի մասին իր հարցազրույցներից մեկում ասել էր Քոչարյանը: Ռուս քաղաքագետներից մեկն ասում է, որ ժամանակին Պուտինը պատրաստվում էր հեռանալ իշխանությունից, սակայն տեսնելով Քադդաֆիի հետ հաշվեհարդարի կադրերը, մտքափոխվել էր: Չի բացառվում, որ նա ծանր է տանում նման ցանկացած նախադեպ, այդ թվում Քոչարյանի հանդեպ քրեական հետապնդումը:

Պուտինն ու Քոչարյանն իշխանության եկան գրեթե միաժամանակ, եւ Հայաստանն արագորեն ընդօրինակեց կառավարման պուտինյան մոդելն ու համակարգը: Այդ համակարգը չփոխվեց իշխանությունից Քոչարյանի հեռանալուց հետո, Սերժ Սարգսյանի կառավարման տասնամյակին: Եվ թեեւ նախագահը Սարգսյանն էր, իրականում համակարգն իրենը չէր: Իրադարձությունները Հայաստանում զարգանում էին Քոչարյանի գործոնի երբեմն հրապարակային, երբեմն ստվերային ներկայությամբ:

Սերժ Սարգսյանն իր իշխանությունը ձեւավորելու հնարավորություն ստացավ միայն Սասնա ծռերին ՊՊԾ-ից հանելուց հետո, եւ զուր չէ, որ այդ ժամանակ էլ Քոչարյանը հայտարարեց, որ չի մասնակցելու 2017-ի խորհրդարանի ընտրությանը: Այդտեղ ավարտվեց հայ-ռուսական հարաբերությունների երկու տասնամյակի սխեման: Որն, ի դեպ, գործադրվում էր նաեւ Քոչարյանի դեմ, նրա նախագահության շրջանում:

Քոչարյանի դերը թվում էր այդտեղ էլ ավարտվեց, քանի որ այդ ընթացքում Հայաստանը Ռուսաստանին արդեն զիջել էր ամեն ինչ: Սակայն թավշյա հեղափոխությունից ու հայտնի իրադարձություններից հետո Քոչարյանի շուրջ կրկին փորձ է արվում ձեւավորել որոշակի «մոբիլիզացիա»:

Կաշխատի՞ արդյոք այս տրորված ճանապարհը, նկատի առնելով նաեւ, որ ինքը Քոչարյանը կարծես թե այլեւս հակված չէ գնալ այդ ճանապարհով: Խնդիրն այն է, որ Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանի հանդեպ չի փոխվել, անկախ նրանից՝ ով է Հայաստանի ղեկավարը: Ներկայում ակնհայտ է, որ Մոսկվայի խնդիրը հանգում է հեղափոխության հաջողությունը թույլ չտալուն:

Ե՞րբ կհեռանա Պուտինը: Այս հարցում Ռուսաստանում բոլորը խուսափում են ենթադրություններից, միեւնույն ժամանակ, Ռուսաստանում երբեւէ չի եղել ու չկա իշխանությունը փոխելու ընտրական մեխանիզմ, եւ ղեկավարներին սովորաբար այս կամ այն կերպ «հանում են» Կրեմլից:

Աղբյուր՝ lragir.am