Մամուլ

«Ռեանիմացիայում օրեցօր տեղերը պակասում են, բժիշկներից շատերը հոգնել են». Շանթ Ուռուտյան

«Ռեանիմացիայում օրեցօր տեղերը պակասում են, բժիշկներից շատերը հոգնել են». Շանթ Ուռուտյան

Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի բժշկականի օրդինատոր Շանթ Ուռուտյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Կարևոր մի քանի փաստի մասին ևս։

Ժողովո՛ւրդ (անհավատների մասին) դուք իրո՞ք չեք հասկանում՝ ինչ ա կատարվում երկրում, թե՞ հասկանում եք, մեզ եք էշի տեղ դրել: Ավելի կոնկրետ էլ կբացատրեմ հատուկենտ մարդկանց համար։

1. Ռեանիմացիայում օրեցօր տեղերը պակասում ա։ Սա գիտե՞ք՝ ինչ ա նշանակում։ Ասեմ, սա նշանակում ա վաղը մյուս օր Աստված չանի ձեր երեխայի, ծնողի, բարեկամի և այլնի համար կարիք լինի ռեանիմացիոն ծառայություն։ Դուք գոնե հասկանո՞ւմ եք, որ եթե տեղ չլինի, ի՞նչ պետք ա անեք դուք ու ի՞նչ պետք ա անեն ռեանիմացիոն բժիշկները։

Դիմակ դրեք, չեք դնում մի՛ դրեք, բայց որ ռեանիմացիայում ձեզ դիմակ դրեցին, դա կլինի շնչառական, ու հանկարծ չմեղադրեք բժիշկներին ու ոչ էլ կառավարությանը։ Այսինքն՝ ձեր առողջությունն ավելի էժա՞ն ա, քան՝ 200 դրամանոց կամ տնային պայմաններում կարած դիմակը։ (Եթե հա, ցավում եմ)։

2. Անցում կատարենք մյուս ծառայությանը։ Օրական գիտե՞ք՝ քանի հարյուր կամ հազար շտապօգնության կանչեր են գրանցվում։ Իսկ գիտե՞ք որ շտապօգնության ծառայության բրիգադները 3 ամիս է, ինչ զբաղված են նաև COVID-19-ով վարակված պացիենտների տեղափոխությամբ Հայաստանի մի ծայրից մինչև մյուսը (մտքներովդ որտեղից-որտեղ կանցնի)։

Դուք պատկերացնո՞ւմ եք եթե ձեր հարազատի համար շտապօգնություն կանչեք ու այնտեղից ձեզ ասեն որ շտապօգնությունը կմոտենա 1 ժամից կամ ավելի ուշ, քանի որ բոլորը կանչերի մեջ են, իսկ մնացածը տեղափոխում են պացիենտների (կամ էլ ավելի վատ կարա լինի)։ Ի՞նչ ենք անելու էդ ժամանակ։ Էդ ծառայությունն էլ նախորդի նման օրեցօր կաթվածահար ա լինում։

3. Բժիշկներից շատերը, խոսում եմ հետները, հոգնել են աշխատել այս ռեժիմով։ Ու եռակի-քառակի էլ վճարեն, հնարավոր ա շատերը հետ չգնան որովհետև իրանց համար առաջնակարգ արդեն իրանց առողջությունն ա էդքան տքնաջան աշխատելուց հետո։ Մարդիկ էդքան աշխատելուց հետո հյուծվել են ու անսահման սթրեսի ենթարկվել։ Այդ ռեժիմով աշխատելը կբերի բազմաթիվ սխալների։ Եթե դա ձեզ համար միևնույնն ա, ապա ցավակցում եմ:

4. Դիմակը չի՞ օգնում, հա՞, ասում եք։

Նախ դրեք, հետո խոսացեք։ Եթե դնեք, ինչքան էլ անորակ լինի, կպաշտպանի գոնե 50 տոկոս, դիմացինդ եթե քո պես կրի ու քո հետ մի մետր հեռավորության վրա շփվի դուք չեք վարակվելու։ Ես պատրաստ եմ ամեն օր մի ժամ նստեմ վարակված մարդու մոտ, մի մետր հեռավորության վրա շփվեմ ու ապացուցեմ որ էդ «հակամասսան» սխալ եք։

Դիմակ կրեք, որ առողջ լինեք»:

Կիսվեք էջում