Ջիվան Գասպարյանի վերջին հրաժեշտը կլինի «Արամ Խաչատրյան» համերգասրահում

Ջիվան Գասպարյանի վերջին հրաժեշտը կլինի «Արամ Խաչատրյան» համերգասրահում

Աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա «Արամ Խաչատրյան» համերգասրահում (Մեսրոպ Մաշտոցի պողոտա 46) հուլիսի 24-ին` ժամը 11:00-14:00: Աճյունը կամփոփվի Կոմիտասի անվան պանթեոնում:

Այս առնչությամբ կառավարական հանձնաժողովի հաղորդագրության մեջ ասվում է.

«Հայկական մշակույթը կրել է անդառնալի կորուստ: Կյանքից հեռացել է Ջիվան Գասպարյանը, անուն, որ չունի մեկնաբանությունների կարիք ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ Հայաստանի սահմաններից դուրս` Արևելքից Արևմուտք և Հարավից Հյուսիս:

Նա մի երաժիշտ էր, ում ձեռքերի մեջ հայոց ավանդական ծիրանափողը խոսում էր մեր ազգային կեցության ակունքներից: Սակայն, միաժամանակ, այդ հոգեպարար խոսքը հասկանալի, ընդունելի ու սիրելի էր դառնում տարբեր միջօրեականներում, ո՛չ միայն կատարողական բացառիկ վարպետության, այլև մարդկային ներաշխարհի ամենանուրբ լարերն արթնացնելու և մի համընդհանուր մագնիսական դաշտ ստեղծելու տաղանդի կախարդանքով: Հիրավի, նա մի գումարման նշան էր Հայոց հողի և մեզ շրջապատող աշխարհի միջև:

Ջիվան Գասպարյանն անցել է բազմամյա ու բեղմնավոր ստեղծագործական ճանապարհ: Նա իր վերելքը սկսել է դեռևս նախորդ դարի 30-ական, 40-ական թվականներից: Այդ ճանապարհը պսակվել է համաժողովրդական ճանաչմամբ ու սիրով, իսկ վաստակը` ինչպես մեր երկրի, այնպես էլ միջազգային հանրության կողմից արժանացել բարձր գնահատության:

Հայաստանում նրան շնորհվել է Ժողովրդական արտիստի կոչում: Նա Երևանի պատվավոր քաղաքացի էր և Հայրենիքին մատուցած ծառայությունների համար «Առաջին աստիճանի շքանշանի ասպետ», ինչպես նաև պարգևատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով: Բազում են նաև Ջիվան Գասպարյանի այն պարգևները, որոնց նա արժանացել է արտերկրում, այդ թվում` «Աշխարհի լավագույն երաժիշտ Womex-2002», «Ոսկե գլոբուս», «Endliees Vision» 41-րդ Grammy մրցանակաբաշխության անվանակարգով, «Վուդրո Վիլսոն» մրցանակ… Եվ այսպես` շատ ու շատ:

ջիվան գասպարյան

Ջիվան Գասպարյանի հույժ յուրահատուկ, դարերի շունչ արտածող և մարդկային հուզաշխարհի գաղտնարաններից բխող նվագը դարձավ պահանջված հատկապես համաշխարհային կինոարտադրության ոլորտում: Այնպիսի հանրահայտ ու տաղանդավոր ֆիլմերում, ինչպիսիք են «Գլադիատորը», «Դոկտոր Ժիվագո», «Ագռավը», «Ռուսական տուն» և ուրիշ կինոստեղծագործություններ, հնչում է Ջիվանի դուդուկը` հարստացնելով ձայնաշարը և հաղորդելով մի առանձնակի խորհուրդ:

Մեր հրաշալի վարպետը տարիներ շարունակ հանդես է եկել բազմաթիվ հեղինակավոր բեմերում՝ հավասարի պես համագործակցելով հանրաճանաչ ու ականավոր երաժիշտների հետ, որոնք հիացական կարծիքներ են հնչեցրել նրա մասին: Սակայն լավագույն բնորոշումը, թերևս, տվել է մեծ գրող Վիլյամ Սարոյանը. «Դու չես նվագում: Դու աղոթում ես»:

Մեր երկիրը վերջին հրաժեշտն է տալու Ջիվան Գասպարյանին: Երախտագիտությամբ ենք գլուխ խոնարհում նրա անցած մշակութային ստեղծագործական ճանապարհի առջև և մխիթարվում այն գիտակցությամբ, որ Ջիվան Գասպարյանի արվեստը մշտապես իր նվիրական տեղն է ունենալու բոլորիս սրտերում:

Մեծանուն արվեստագետի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա «Արամ Խաչատրյան» համերգասրահում (Մեսրոպ Մաշտոցի պողոտա 46) հուլիսի 24-ին` ժամը 11:00-14:00: Աճյունը կամփոփվի Կոմիտասի անվան պանթեոնում: