«Պրն. վարչապետ, Դուք լա՞վ չեք պատկերացնում, թե որ երկրի վարչապետ եք ընտրվել»․Հրաչ Մուրադյանի վրդովված պատասխանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ «Կիսաբաց լուսամուտներ»-ի մասին

«Մեր հեռուստատեսությունը հետևողականորեն մարդկանց կրթական ցենզն իջեցնում է… Ինչ-որ «Կիսաբաց լուսամուտներ», նման բաներ: Նոր Հայաստանում չպետք է լինի այնպիսի բան, որ մարդիկ իրենց սպիտակեղենը դուրս հանեն: Մենք, իհարկե, որևէ բան չենք պարտադրելու, պատրաստվում ենք խոսել հեռուստաընկերությունների ղեկավարների հետ: Մենք չպետք է թույլ տանք, որ մեր երեխաներին ցածրացնեն»,- այսօր մշակութային գործիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը:

Ի պատասխան այս հայտարարության՝ հաղորդման վարող Հրաչ Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել է Նիկոլ Փաշինյանին:

«Ներողամիտ եղեք, որ Ձեզ չեմ դիմում տեսաուղերձով կամ Live (Լայվ)-ով ու ընտրում եմ գրելու տարբերակը:

Պրն. վարչապետ, Դուք լա՞վ չեք պատկերացնում, թե որ երկրի վարչապետ եք ընտրվել: Տպավորությունն այնպիսին է, որ Դուք չեք ուզում տեսնել` ինչպես է իրականում ապրում ժողովուրդը։ Մենք ցույց ենք տալիս իրական Հայաստանը, որը, կարծես, հեռու է Ձեր պատկերացումներից ու տեսլականից։ Հորդորում եմ Կիսաբաց Լուսամուտների հարցը քննարկել մեր երկրի սոցիալական հարցերի շրջանակներում և ոչ մշակութային։

Մենք մշակութային կարող ենք դառնալ Ձեր պատկերացրած ՍԻՐՈ, ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ և ՕՐԵՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅԱՆ երկիր դառնալուց հետո միայն։ Կիսաբաց Լուսամուտները պատմել է, պատմում է ու կպատմի այս երկրի բնակչի` քաղաքացու կյանքի մասին։ Շարունակենք կատարել մեր աշխատանքն ու ծառայել մեր երկրին: Ձեզ ու մեզ հաջողություն այդ գործում:

Հ.գ. Վերջին 8 տարին Հայաստանի քաղաքացիներին մեր ծրագրի շրջանակներում բարերարների կողմից ցուցաբերված ահռելի սոցիալական աջակցության մասին հիմա կլռեմ: Այդ մասին կխոսենք Ձեր կառավարած Հայաստանի 8-րդ տարին ամփոփելուց հետո միայն։

Հ.Գ. 2 Դժվարությամբ եմ պատկերացնում, որ, օրինակ, ՌԴ-ում Պուտինը կարող է խոսել Пусть Говорят-ը կամ ԱՄՆ-ում Թրամփը` Ջերի Սպրինգերի շոուն փակելու մասին։

Հ.Գ. 3 ՀՀ Սահմանադրություն Հոդված 42. Կարծիքի արտահայտման ազատությունը

1. Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը:

2. Մամուլի, ռադիոյի, հեռուստատեսության և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է: Պետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ հանրային հեռուստատեսության և ռադիոյի գործունեությունը:

3. Կարծիքի արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով»։

Ի դեպ հիշեցնենք, որ դեռ պատգամավոր եղած ժամանակ Նիկոլ Փաշինյանը շատ կոշտ դիրքորոշում էր հայտնել «Կիսաբաց լուսամուտներ»-ի հասցեին՝ մասնավորապես ասելով. «Ալիք փոխելիս ականջովս ընկավ «Կիսաբաց լուսամուտների» եթերում. «Եթե մարդը կնգան բերան կքրֆե, էդ բերանն իրա երեխեքը կպաչեն չէ՞» և այլն:

Եթե ոմանց կարծիքով սա խոսքի, եթերի ազատություն է, այդ մարդիկ սխալվում են: Սա աղբ է, որ պետք է արմատախիլ անել եթերից:

Ի դեպ, ATV-ի սեփականատերը Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանն է, Սերժ Սարգսյանի փեսան: Իրենց տանը այս հաղորդումը նայո՞ւմ են»: