Պուտինը չկատարեց Ալիևին տված խոստումը. Հովսեփ Խուրշուդյան

Պուտինը չկատարեց Ալիևին տված խոստումը

Factor.am-ը գրում է․ «Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը վստահ է, որ հենց ՌԴ-ն է Հայաստանի տարածքով «միջանցք» խոստացել Բաքվին։ Բայց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն արդեն խոսում է Ադրբեջանը Նախիջևանին կապող «պարզեցված ռեժիմի» մասին․

«Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկաթգծային ուղին համաձայնեցված է։ Ներկայում ավարտվում է ավտոմոբիլային ուղու համաձայնեցումը և ավարտվում է այն ռեժիմի համաձայնեցումը, որը պետք է հաստատվի։

Այն պարզեցված է լինելու, բայց այն հաստատապես հիմնվելու է հայկական տարածքի ինքնիշխանության ճանաչման վրա, և որևէ երկիմաստություն այստեղ լինել չի կարող»։

Ինչի՞ արդյունքում փոխվեց այս մոտեցումը։ Ըստ Հովսեփ Խուրշուդյանի՝ ամեն ինչ չէ, որ Ռուսաստանին հաջողվում է անել Հարավային Կովկասում, հատկապես, երբ ՀՀ-ն ունի «հզոր աջակիցներ»՝ ի դեմս Արևմուտքի, Եվրամիության և Իրանի։

«Ռուսաստանը պատրաստվում էր ճնշում գործադրել Հայաստանի վրա, որ միջանցք տրամադրվեր Ադրբեջանին, բայց այդ միջանցքը լիներ լիովին ռուսական վերահսկողության ներքո։ Ինքն այդպես էր հասկանում նոյեմբերի 9-ի հայտարարությունը։

ՌԴ-ն խոստացել էր Ադրբեջանին, որ նրա քաղաքացիներն առանց խոչընդոտի անցնելու են Նախիջևանից Ադրբեջան և հակառակ ուղղությամբ, և ռուսներն են ուղեկցելու, ոչ մի մաքսային հսկողության ռեժիմ չի լինելու»,- Factor TV-ի հարցազրույցում ներկայացնում է Հովսեփ Խուրշուդյանը՝ մանրամասնելով, թե ինչպիսի ճնշումներ են գործադրվել ՀՀ-ի վրա՝ միջանցք տալուն հարկադրելու նպատակով։

«Նախ՝ Ադրբեջանի միջոցով հարձակում եղավ ՀՀ-ի սահմանների վրա, տարբեր գնահատականներով՝ 40-ից 100 ք/կմ օկուպացված է Ադրբեջանի զորքերի կողմից Ռուսաստանի հովանավորությամբ և լուռ համաձայնությամբ, և ՀԱՊԿ-ի անունից ասացին, թե դա դելիմիտացիոն խնդիր է ընդամենը։

Ճնշում կար նաև ներքին՝ 5-րդ շարասյան միջոցներով՝ ցույց տալու իշխանություններին, որ եթե իրենք չեն համաձայնվում ռուսական պահանջներին, այստեղ ավելի կակտիվացնեն 5-րդ շարասունը և իշխանափոխության հարց կդրվի։

Երկու դեպքում էլ ինքը ձախողեց՝ 2021-ի մայիսի ներխուժումը ՀՀ-ում չբերեց իշխանափոխության և որևէ լուրջ զիջումների հայկական պետության կողմից՝ ո՛չ միջանցքի, ո՛չ այլ հարցերում, իսկ 5-րդ շարասյունն անընդհատ ձախողում է՝ աջակցություն չունի հասարակության կողմից»,- նշում է նա։

Ըստ Հովսեփ Խուրշուդյանի՝ կա նաև Իրանի և Արևմուտքի ակտիվ ներգրավումը Սյունիքում՝ Իրանը հյուպատոսություն է բացում Մեղրիում, Արևմուտքի երկրների դեսպանները, նրա գնահատմամբ, ավելի շատ Սյունիքում են լինում, քան Երևանում։

Դրանից ակնհայտորեն դժգոհ են Ադրբեջանը և Ռուսաստանը՝ Պուտինը չկատարեց Ալիևին տված խոստումը՝ միջանցք տալ ՀՀ-ի հաշվին։

Մանրամասները՝ Factor TV-ի տեսանյութում