Պուտինը զգաց Թուրքիայի նենգ խաղը Հայաստանի սահմանին

Պուտինը զգաց Թուրքիայի նենգ խաղը Հայաստանի սահմանին

Hayeli.am-ը գրում է․ Հայաստանին և Ադրբեջանին սահմանակցող երկրները պետք է հավասարակշռված, զուսպ մոտեցում ցուցաբերեն, իսկ Մոսկվան կօգտագործի բոլոր հնարավորությունները՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային լարվածությունը կարգավորելու համար, օրերս նման հայտարարություն արեց ՌԴ փոխարտգործնախարար Անդրել Ռուդենկոն ՏԱՍՍ գործակալության գլխավոր տնօրեն Միխայիլ Գուսմանին տված հարցազրույցի ժամանակ:

«Կարող եմ միայն հավաստիացնել, որ կանենք հնարավոր ամեն ինչ և ցույց կտանք ռուսական դիվանագիտության, ժողովրդական դիվանագիտության լավագույն որակները, որպեսզի ոչ միայն ներկայիս սահմանային հակամարտությունը, այլև մեզ համար եղբայրական և մտերիմ երկրների` Հայաստանի և Ադրբեջանի միջև, ընդհանուր առմամբ հարաբերությունները կարգավորվեն: Ռուսաստանն ունի նման հնարավորություն, մեկ անգամ չէ, որ օգտվել ենք դրանից, այդ թվում՝ 2017թ. Լեռնային Ղարաբաղի շուրջ ռազմական վերջին բախումների ժամանակ»,-ասել է նա:

Փոխարտգործնախարարը նշել է՝ այժմ առաջնային խնդիրն այն է, որպեսզի միջազգային հանրությունը հնարավորինս արագ կանգնեցնի այն, ինչ տեղի է ունենում վերջին երկու օրերին. «Այս կապակցությամբ շատ կարևոր է այն պետությունների կշռադատված դիրքորոշումը, որոնք Մինսկի խմբի մասնակիցներ են, իսկ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով Մինսկի խումբը երեք համանախագահ երկրներից բացի միավորում է շատ ավելի մեծ թվով պետություններ»,-ասել է Ռուսենկոն՝ շեշտելով, որ խոսքը Հայաստանին և Ադրբեջանին սահմանակցող երկրների մասին է, որոնք պետք է դրսևորեն զսպվածություն, պատասխանատվություն, հավասարակշռություն, այդ թվում՝ հռետորաբանության մակարդակում:

Հայաստանի սահմանակից երկրներից մեկը՝ Թուրքիան, ակնհայտ միացել է ադրբեջանական իշխանությունների թշնամական գործողություններին՝ ընդդեմ Հայաստանի ու Արցախի: Թուրքական պատվիրակություններ են գնում Բաքում, ադրբեջանական՝ Անկարա, ռազմաքաղաքական հարցեր քննարկում:

Թուրքիայի իշխանություններն ամենօրյա ռեժիմով հայտարարում են, որ աջակցելու են Ադրբեջանին՝ «Ղարաբաղը ազատագրելու հարցում» ու սպառնում Հայաստանին, որ մեկ շաբաթ առաջ տեղի ունեցածի համար, «պատասխան է տալու՝ ադրբեջանցի զինվորների թափած արյունի համար» և այսպես շարունակ:

Չի կարելի է բացառել, որ Անկարան ու Բաքուն Հայաստանի դեմ հարձակում են նախապատրաստում: Թուրքիայի ու Ադրբեջանի իշխանությունների հայտարարություններից ակնհայտ երևում է, որ նրանք վրեժի ծարավ են ու ռևանշի են ձգտում։

Մինչդեռ մեր իշխանությունները, ճիշտ է, հանդես են եկել Թուրքիայի հասցեին քննադատական ելույթներով, սակայն Թուրքիայի ռազմական ձգտումները դատապարտելու ու կանխելու հարցում պաշտոնական Երևանը չպետք է սահմանափակվի միայն հայտարարություններով:

Ամեն ինչ թողել բանակի վրա՝ սխալ է, դիվանագիտական ճակատը հիմա այնպիսի աշխատանքներ պետք է տարած լիներ, որ Հայաստանի գործընկեր պետություններին Թուրքիայի քաղաքականությունը դատապարտող հայտարարություններ լինեին՝ հասցեական, ոչ թե լղոզված:

Թուրքիայի պահվածքի վերաբերյալ, բացի ԱԳՆ-ից կարելի է ասել բարձրագույն իշխանությունների կողմից հստակ հայտարարություն չի եղել: Խոսքը վերաբերում է նաև խորհրդարանում իշխող խմբակցությանը:

Ի վերջո, Թուրքիան չի թաքցնում, որ պատրաստ է ռազմական միջամտության, հետևաբար, քաղաքական գնահատական է պետք նախագահի, վարչապետի ու խորհրդարանի կողմից՝ Թուրքիայի ագրեսիվ քաղաքականության առնչությամբ:

Մինչդեռ Հայաստանում Անվտանգության խորհրդի նիստ էլ չի հրավիրել՝ ի տարբերություն Ռուսաստանի, որտեղ Վլադիմիր Պուտինը քննարկեց հայ-ադրբեջանական լարվածությունը։

Ակնհայտորեն՝ Թուրքիայի ակտիվությունը Մոսկվային բավական անհանգստացրել է և ռուսական կողմը հայ-ադրբեջանական ռազմական գործողությունների սկզբնական շրջանում իր չեզոք դիրքորոշումը ստիպված եղավ մի կողմ դրեց՝ հենց Թուրքիայի ակտիվությունից հետո:

Այնպես որ, Հայաստանի դաշնակից Ռուսաստանը հստակ պատկերացնում է՝ ինչ է նշանակում Թուրքիայի ակտիվությունը Հայաստանի սահմաններին: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում