«Պուտինը գնում է «վա բանկ»»․ Հակոբ Բադալյան

«Պուտինը գնում է «վա բանկ»»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Պուտինի հետ փակ հեռախոսազրույցից հետո Բայդենը խոսում է նրա դեմ անհատական պատժամիջոցի հնարավորության մասին: Եթե չեմ սխալվում, Բայդենն այդ մասին խոսում է առաջին անգամ:

Կհնչի տարօրինակ, բայց, եթե Պուտինը գնա Ուկրաինայի դեմ ռազմական մասշտաբային գործողության, ապա անհատական պատժամիջոցը նրա համար կլինի թերևս ամենամեղմը: Որովհետև այն, որ Պուտինը գնում է ըստ էության «վա բանկ» տրամաբանությամբ խաղի, նշանակում է, որ նա ունի լուծելու շատ ավելի լուրջ ու բարդ խնդիրներ:

Իմ գնահատմամբ, այդ խնդիրներն առաջին հերթին Ռուսաստանի ներսում են: Կարծում եմ՝ Պուտինը լրջորեն մտածում է 2024-ից նախագահի պաշտոնը թողնելու մասին: Ընդ որում, նա այդ մասին մտածում է թերևս ուղղակի անձնական անվտանգությունից ելնելով: Այն փիլիսոփայությունը, որ նա դրել է իր իշխանության հիմքում, երկարաժամկետ առումով կենսունակ չէ:

Իսկ այլ բան Պուտինն առաջարկել չի կարող՝ թե ռուսական հանրությանը, թե միջազգային հանրությանը: Նա կարող է առաջարկել կամ նախագահի նոր թեկնածու, կամ արդեն մտնել մի շրջափուլ, երբ ամեն օր սպասելու է ներքին ռուսական էլիտայի «դավադրություն»:

Վլադիմիր Պուտին

2024-ին նախագահի պաշտոնը թերևս կթողնի նաև բավականին ծեր Բայդենը: Թե՛ Պուտինին, թե՛ Բայդենին՝ դեմոկրատական կուսակցության հետ, ընդհանրապես անհրաժեշտ է որևէ հաջողություն: Իհարկե նրանց և նրանց հանրությունների ընկալումներում հաջողությունը ունի տարբեր կառուցվածք և բովանդակություն, և հաճախ նույնիսկ իրար հանդեպ լրիվ հակադիր: Թվում է, որ Պուտինի հաջողությունը կլինի Բայդենի անհաջողությունը, և հակառակը:

Բայց, թերևս այստեղ է Ուկրաինայի շուրջ իրադրության գերլարման «մոտիվը»: Նրանք երկուստեք լռելյայն պատկերացնում կամ գիտակցում են, որ իրենց պետք չէ միմյանց անհաջողություն, որովհետև դա ավելի լայն իմաստով լինելու է Չինաստանի հաջողությունը: Իսկ Սի Ցզինպինի մեղմ ժպիտի տակ Չինաստանի ամենակուլ քաղաքականությունն է:

Ինչպես մի կողմից բեկում արձանագրել, անել դա այնպես, որ դա հնարավոր լինի սեփական լսարաններին մատուցել որպես հաջողություն և հաղթանակ, մյուս կողմից թույլ չտալ դիմացինի անհաջողություն ու պարտություն, սեփական ձեռքերով Չինաստանին մի նոր ու լուրջ հաղթանակ չմատուցելու համար:

Սա է թերևս Ռուսաստանի ու ԱՄՆ երկար, հանգամանալից, ծանր բանակցության առանցքը, անբեկանելի հակադրության ռեժիմում ինչպես գտնել երկուստեք հաջողության բանաձևը»: