Պետությունը Հայաստանում աշխատատեղեր կստեղծի արտագնա աշխատանքի մեկնողների համար

Պետությունը Հայաստանում աշխատատեղեր կստեղծի արտագնա աշխատանքի մեկնողների համար

ՀՀ կառավարությունը կապիտալ շինարարության ոլորտում 100 նոր նախագիծ պետք է ներկայացնի՝ փորձելով քաղաքացիների համար համավարակի պայմաններում աշխատատեղեր ստեղծել Հայաստանում, որպեսզի նրանք չմեկնեն արտերկիր:

Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պարետատան նիստից հետո առցանց ճեպազրույցում՝  պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին:

ԵԱՏՄ երկրներում արտագնա աշխատանք իրականացնող բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ, սահմանների փակ լինելու պատճառով, չեն կարողացել մեկնել: Հարցին, թե գործընկերների հետ քննարկվե՞լ է հարցը, ե՞րբ հնարավոր կլինի վերականգնել կանոնավոր ուղևորահոսքերը ՀՀ-ի և ԵԱՏՄ երկրների՝ մասնավորապես՝ Ռուսաստանի միջև՝ Փաշինյանը պատասխանեց.

«Դա կախված է ոչ միայն Հայաստանում, այլ նաև Ռուսաստանում տիրող հակահամաճարակային  իրավիճակից: Բայց մեր հիմնական պլանն այն է, որ մենք մեր քաղաքացիների համար փորձենք աշխատատեղեր ստեղծել ՀՀ-ում, որպեսզի նրանք այստեղ աշխատելու հնարավորություն ունենան, ոչ թե մեկնեն Հայաստանից դուրս»:

Վարչապետը նշեց, որ կառավարությունը 100 նոր նախագիծ պետք է ներկայացնի  կապիտալ շինարարության ոլորտում, դրանց մի մասով արդեն մրցույթները տեղի են ունենում: Նա հույս հայտնեց, որ անհրաժեշտ էֆեկտիվությամբ այդ գործը կիրականացվի, և արտագնա աշխատանքի մեկնող հայրենակիցները հնարավորություն կունենան տեղում աշխատել:

«Համենայնդեպս, մեր լավագույն ցանկությունն այդ է, և հույս ունեմ, որ կկարողանանք առնվազն մեծ մասով իրականացնել այս նպատակը»,-նշեց Փաշինյանը: