Պետությունը կֆինանսավորի բռնության ենթարկված կանանց. Զարուհի Բաթոյան

2020թ.-ից սկսած՝ պետությունը կֆինանսավորի բռնության ենթարկված կանանց աջակցության համար նախատեսված 2 ապաստարանի ֆինանսավորումը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

«Պետությունը պարտավորություն ունի ապաստարանների ծառայության մատուցման համար, սակայն այսօր որևէ ապաստարանի ծառայության համար պետական բյուջեից գումար չի տրվում։ 2020թ.-ից կսկսենք երկու ապաստարանի համար գումար տրամադրել։ Իսկ թե ինչ ծառայություններ կմատուցեն այդ ապաստարանները՝ մասնագետները պետք է ասեն, քանի որ բռնության ենթարկվածներից յուրաքանչյուրի պատմությունն անհատական է»,–ասաց նա։

Նախարարի խոսքով` կարևորն այն է, որ բռնության ենթարկված կինը որոշ ժամանակ անց կարողանա ինքնուրույն  ու ապահով կյանք վարել։

Ըստ նրա` ապաստարաններ ունենալուց բացի՝ խնդիրների մասին բարձրաձայնելու անհրաժեշտություն կա, քանի որ կանայք պետք է իմանան, որ իրենք միայնակ չեն, նման խնդիրներ շատերն ունեն: «Երբ մարդիկ խնդիր են ունենում ու մի անկյունում հավաքվում–խոսում են այդ մասին, դա այլ բան է, սակայն երբ այդ խնդիրների մասին բարձրաձայնում ենք մենք, դա մեկ այլ բան է։ Խնդիրների մասին բարձրաձայնելու արդյունքում է, որ լուծումներ են գտնվում ու մարդիկ հասկանում են, որ իրենք միայնակ չեն»,–ասաց նախարարը։

Նա նշեց նաև, որ Հայաստանում չկա այնպիսի խնդիր, որը հատուկ է միայն Հայաստանին, այսինքն` աշխարհի տարբեր երկրներում կանայք ունեն նույնատիպ խնդիրներ։

Հիշեցնենք, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը մայիս–հունիս ամիսներին շրջել է ՀՀ բոլոր մարզերով, ՀԿ–ների հետ համագործակցության միջոցով զրուցել 175 կանանց հետ ու ծանոթացել նրանց խնդիրներին։ Կանայք մեծամասամբ բարձրաձայնել էին աշխատանքի, կրթության, առողջապահական խնդիրների մասին։

Աղբյուր՝ armeniasputnik.am