Պեմզաշենում սպանության մեջ կասկածվողը՝ սեռական բնույթի գործողություն է կատարել 12-ամյա աղջկա նկատմամբ․ մանրամասներ

Պեմզաշենում սպանության մեջ կասկածվողը՝ սեռական բնույթի գործողություն է կատարել 12-ամյա աղջկա նկատմամբ․ մանրամասներ

Պեմզաշենում 31-ամյա կնոջը և նրա երկու երեխային դաժանաբար սպանելու մեջ կասկածվող տղամարդկանցից մեկը սեռական ոտնձգություն է կատարել 12–ամյա աղջկա նկատմամբ։ Այս մասին փոխանցում են Քննչական կոմիտեից։ 

Նախաքննական մարմնի փոխանցմամբ, այս գործով ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել, նրանց նկատմամբ կալանքի միջնորդություններ են ներկայացվել դատարան:

Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 9-ին Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում դաժան սպանություն էր տեղի ունեցել. սեփական բնակարանում գտել էին 31-ամյա բնակչուհու և վերջինիս 12-ամյա դստեր և 8-ամյա որդու մարմինները:

Մահացածներն են մայրը՝ 31-ամյա Զարինեն, ու նրա երկու երեխաները՝ 12 տարեկան դուստրը և 8 տարեկան որդին։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ 1-ին մասով՝ սպանության և նույն հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ անչափահասի սպանության հատկանիշներով։

Դաժան սպանության կասկածանքով նոյեմբերի 12-ին ձերբակալվել էր Շիրակի մարզի 32-ամյա բնակիչը, որը ոստիկանությունում տվել է ինքնախոստովանական ցուցմունք, հաջորդ օրը ձերբակալվել է նաև հանցանքը ենթադրաբար կատարած երկրորդ անձը՝ 36-ամյա տղամարդ։

Տղամարդիկ, ըստ գյուղի բնակիչների, ազգականներ են, երկուսն էլ ամուսնացած են, ունեն երեխաներ։ Սպանված կնոջ ամուսինը ՌԴ-ում էր՝ արտագնա աշխատանքի, վերադարձել է ողբերգական դեպքից հետո։