ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի ազգականը Mercedes-ով մխրճվել է բեռնատարի մեջ. նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի ազգականը Mercedes-ով մխրճվել է բեռնատարի մեջ. նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հոկտեմբերի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում ՌԴ քաղաքացի, 52-ամյա Արսեն Խաչատրյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի 5-րդ մ հատվածում մխրճվել է տախտակով բարձված MAZ մակնիշի բեռնատարի հետնամասի մեջ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է: Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Եղվարդի հրշեջ-փրկարարները:

Օպերատիվորեն ժամանած Եղվարդ քաղաքի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է նրա մահը: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի և դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը և ոստիկանության Նաիրիի բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Հենրիկ Սեթոյանը:

Ժամանել է նաև Կոտայքի մարզի դատախազի տեղակալ Կարեն Սուքիասյանը: Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և բեռնատարի վարորդի ամբողջական տվյալները:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ մահացածը՝ Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատյանի ազգականն էր: