«Պարտադրել էր ծնողներին, որ պիտի գնա Հայաստան ու ծառայի». եզդի Արման Չաթոյանը զոհվել է Վարդենիսում

«Պարտադրել էր ծնողներին, որ պիտի գնա Հայաստան ու ծառայի». եզդի Արման Չաթոյանը զոհվել է Վարդենիսում

Ադրբեջանական զինված ուժերի ագրեսիայի հետեւանքով Վարդենիսի հայկական մարտական դիրքերից մեկում երեկ՝ սեպտեմբերի 14-ին, զոհվել է ազգությամբ եզդի զինծառայող Արման Չաթոյանը։

News.am-ի հետ զրույցում Քյարամ Սլոյանի անվան եզդիական ջոկատի հրամանատար Ռզգո Սարհանգյանը պատմեց, որ Արման Չաթոյանը ծառայում էր Վարդենիսի զորամասում, մեկ տարվա ծառայող էր։

«Փոքր երեխա է եղել, երբ գնացել են Հայաստանից, ապրել են Ռուսաստանի Դաշնության Պյատիգորսկ քաղաքում։ Երկու եղբայրները պարտադրում էին ծնողներին, թե մենք պիտի գնանք Հայաստան՝ ծառայության։

Ծնողները երկար դեմները փորձում են առնել, բայց չեն կարողանում։ Եղբայրները գալիս ու ներկայանում են զինկոմիսարիատ, եղբայրը առողջական խնդիրներ է ունենում, իրեն ծառայության չեն տանում, իսկ Արմանին տանում են»,- պատմեց Ռզգո Սարհանգյանը։

Նա ասաց, որ ծնողները որդու հետ վերջին անգամ խոսել են ադրբեջանական հարձակումից մեկ ժամ առաջ, դրանից հետո կապը կորել է.

«Արմանը ծնողներին ասել է՝ ամեն ինչ լավ է, հետո ասել՝ լավ, մենք ժամանակ չունենք էլ խոսելու, մեր գլխավերեւում անօդաչու թռչող սարքեր են պտտվում։ Ու դրանից հետո զոհվել է գնդակոծության պատճառով»։

Նշենք, որ Ջերմուկում սեպտեմբերի 14-ին եւս մեկ եզդի զինվորական է զոհվել։ 45-ամյա Սիաբանդ Քյարամի Թամոյանը եզդի հոգեւորական էր, որը ծառայում էր Վայքի զորամասում։