Ժամանց

Պարույր Սևակ․ Սիրո մեջ ամեն սկիզբ էլ միշտ տարբեր է, վերջն է նույնը, վերջն է նման

Պարույր Սևակը ծնվել է 1924 թվականի հունվարի 24-ին Արարատի մարզի Չանախչի (1948 թվականից՝ Սովետաշեն, այժմ՝ Զանգակատուն) գյուղում։

Լինելով ծնողների մինուճար որդին՝ Պարույրը մանկությունից մշտապես զգացել է նրանց հոգատարությունն ու փայփայանքը։

Պարույր Սևակի մեջ պատվաստել էին նվիրվածություն հարազատների հանդեպ, արյունակցական կապի սրբազան զգացում, անկեղծ ու ջերմ սեր շրջապատի մարդկանց, հատկապես՝ մոր հանդեպ։ Գրառումների մի ծոցատետրում իր մոր՝ Ազիի (ինչպես կանչում էր նրան) մասին Սևակը գրել է․

«Իմ մայրը մի կին էր, որի համար դժբախտության հասկացողությունը անհասկանալի մնաց ամբողջ կյանքում։ Ամբողջ կյանքում նա իրեն դժբախտ է համարել, այդքանով էլ, իսկապես, դժբախտությունը՝ ահավոր ճշտությամբ ապրելուց հեռու մնալով։ Նրա համար դժբախտություն էր՝ խոտը ուշ դեզելը, թեյի գդալների պակասը, աման ջարդվելը, պարանի կորչելը։

Բանաստեղծական հոգի էր նա, աշխարհը ողբերգականորեն վերապրող, անհանգիստ, անհագ հոգի, որքան, իհարկե, զորում էր նրա գեղջկական՝ պարզ, ոչնչով չաղարտված արտաքին էությունը։ Ես նրանից ժառանգել եմ չափազանց շատ, այնքան շատ, որ մեծագույն մասով փոխարկվել է ուղիղ հակադրության»։

Պարույր Սևակի խորիմաստ մտքերից

1. Սիրո մեջ ամեն սկիզբ էլ միշտ տարբեր է, վերջն է նույնը, վերջն է նման։

2. Հանճար լինելուց առաջ և լինելու համար պետք է նախ մարդ լինել:

3. Նորի՛ց չեն սիրում, սիրում են կրկի՜ն, սիրում են միայն ու միայն մեկին։

4. Օրենքները չեն ստեղծում մարդկանց, մարդիկ են օրենքներ ստեղծում։ Ու երբ պարզվում է, ոը այս կամ այն օրենքը այլևս չի համապատասխանում նրանց ապրելակերպին ու մտածելակերպին, ապա մարդիկ այդ օրենքը փոխում են մեկ այլ օրենքով, և դա կոչվում է բարենորոգում կամ հեղափոխություն:

5. Անհնար է ապրել առանց հիասթափման, ինչպես որ ընթանալ առանց սայթաքումի, գործել առանց սխալի, մեծանալ առանց հագուստի կարճությունն ու նեղությունը զգալու։ Ճիշտ այդպես էլ ստվեր չի լինում լոկ այնտեղ, որտեղ լույս չկա, որտեղ համատարած մթություն է, և տաքության զգալու համար պարտադիր է առկայությունը սառնության։

6. Մեր արմատները թերևս խորն են աւելի, քան բարձր է մեր սաղարթը։ Ով պատմութիւն ունի՝ չի կարող յետ չնայել։ Ով անցեալ ունի, չի կարող յիշողութիւն չունենալ:

7. Մահը միշտ չէ և ամենքին չէ, որ գեղեցկացնում է։ Բայց ես գիտեմ, որ մեռնելուց հետո պիտի գեղեցկանամ:

8. Խաղալ գրականության հետ, նշանակում է խաղալ ժողովրդի ոչ միայն ներկայի, այլև ապագայի հետ, է՛լ առավել մի այնպիսի ժողովրդի, որպիսին է մերը, որի համար գրականությունը շատ հաճախ փոխարինել է պետությանն ու ազգային կյանքի վարչությանը:

9. Ապրելու կեսն էլ պատվով մեռնելն է:

10. Բաց ճակատով զուր չխփվել հաստ պատերին, ինչի՞ համար, Էլի պատը կմնա պատ, կպակասի մի լավ ճակատ:

11. Ապրել, ապրել, այնպես ապրել, որ դու չզգաս քո սեփական ծանրությունը, Ապրել, ապրել, այնպես ապրել, որ դու չզգաս քո սեփական մանրությունը։

12. Նորի՛ց չեն սիրում, սիրում են կրկի՜ն, սիրում են միայն ու միայն մեկին։

13. Պատահաբար ես պատահում կյանքում, Անհրաժեշտաբար հրաժեշտ տալիս…

14. Ճշմարտություն եմ ծախում, սարքովի…

15. Լավագույն խոսքը, լռության խորքում լռին ասածն է:

Պարույր Սևակ

Պարույր Սևակը մահացել է 1971 թվականի հունիսի 17-ին ավտովթարից։ Նրա մեքենան բախվել է գյուղական ճանապարհով անցնող կաթ տեղափոխող մեքենային։

Գրողի մահվան մասին կան իրարամերժ վարկածներ։ Ըստ վարկածներից մեկի՝ Սևակը մեքենա վարել չի իմացել, բայց այդ օրը նա պետք է մեկներ Երևան՝ իր զոքանչի քառասունքին ներկա գտնվելու համար։

Սևակի վարորդը հրաժարվել է մեքենան վարել՝ պատճառաբանելով, որ գործեր ունի։ Պարույր Սևակը ինքն է որոշել վարել ու իր կնոջը՝ Նելլի Մենաղարաշվիլիին ասել է, որ եթե մեքենան կարողանա դուրս բերել ավտոտնակից, ապա ճանապարհ կընկնեն։

Կինը նստել է Սևակի կողքին, իսկ երկու որդիները՝ մեքենայի հետնամասում։ Սևակի մեքենան վթարի է ենթարկվել հայրենի գյուղից 8 կմ հեռավորության վրա, որի պատճառով մահացել են Սևակն ու նրա կինը։

Ըստ մեկ այլ վարկածի՝ գրողի մահը եղել է կազմակերպված, և այն կատարվել է սովետական իշխանության պատվերով։

Պարույր Սևակի անունով է կոչվել Երևանի փողոցներից մեկը, Երևանի թիվ 123 դպրոցը, որտեղ կանգնեցվել է նրա արձանը, Երևանի Կասյան փողոցի 3-րդ շենքի պատին փակցված է հուշատախտակ։

Պարույր Սևակի հայրենի գյուղում գործում է նրա տուն-թանգարանը, իսկ գյուղի կենտրոնում 2001 թվականին բացվել է նրա կիսանդրին։ Սևակի ծննդավայրի ոչ հեռու հիմնադրվել է նրա անունը կրող գյուղ։

Կիսվել նյութով