«Պարոն վարչապետին կոչ եմ անում՝ նախ և առաջ հիշել իր անցյալը». Անի Սամսոնյան (Տեսանյութ)

«Պարոն վարչապետին կոչ եմ անում՝ նախ և առաջ հիշել իր անցյալը». Անի Սամսոնյան

168.am-ը գրում է․ Այսօր Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձավ պետական համակարգում հեղափոխությանը դիմադրողներին՝ նշելով, որ նրանք կարող են գնալ և համալրել ընդդիմադիրների շարքերը, քանի որ այսօր ընդդիմադիր լինելը բավականին «եկամտաբեր է»:

168.am-ի հետ զրույցում ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն անդրադառնալով վարչապետի այս հայտարարությանը՝ նշեց, որ այն շատ վրդովեցնող է, քանի որ ընդհանրական ստվեր է գցում ընդդիմադիր գործունեության վրա:

«Պարոն վարչապետին կոչ եմ անում՝ նախ և առաջ հիշել իր անցյալը, որ նա ևս եղել է ընդդիմադիր գործիչ, և չանել այնպիսի հայտարարություններ, որոնք կարող են վնաս հասցնել ընդդիմադիր գործունեությանը՝ որպես ժողովրդավար ինստիտուտ:

Իրականում նման հայտարարություններով մենք խեղաթյուրում ենք այս ինստիտուտի էությունը, և լսողը միանգամից այնպիսի տպավորություն է ստանում, թե այսօր ընդդիմադիր դաշտում աշխատող գործչի համար այդ ոլորտը շատ եկամտաբեր է:

Այսինքն՝ սա ընդհանուր վարկաբեկում է այդ ընդդիմադիր գործունեությունը՝ որպես ինստիտուտ»,- ասաց Անի Սամսոնյանը:

Նրա խոսքով՝ վերջերս Կառավարության հետ ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հարց է ուղղել վարչապետին՝ հասկանալու համար, թե ինչ էր նշանակում նրա այն հայտարարությունը, որ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը, ովքե՞ր են եղել դիմադրողները, պատժվե՞լ են նրանք, ինչին ի պատասխան՝ վարչապետը հավաստիացրել է, որ մինչև տարվա վերջ այդ հարցը կլուծվի:

«Բայց ես տեսնում եմ, որ մինչև այսօր վարչապետը շարունակում է խոսել այդ պետական համակարգի դիմադրության մասին:

Սրանով Կառավարությունը փորձում է արդարացնել իր դանդաղկոտությունը, սա իրենց մեղքն է, որ որպես Կառավարություն, պետական համակարգի մենեջերներ՝ չեն կարողանում կարգի բերել իրենց համակարգը:

Իշխանությունն ամբողջովին տրվել է իրենց, և իրենք ունեն  բոլոր լծակները, որպեսզի  հանեն բոլոր մարդկանց, որոնք դիմադրում են»,- շեշտեց նա:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում