Պարեկային ծառայողները Երևանի կենտրոնի դիսկո ակումբում իրականացրել են «Աջափսանդալ» օպերացիա. բերման ենթարկվածների մեծ մասը Իրանի քաղաքացիներ են

Պարեկային ծառայողները Երևանի կենտրոնի դիսկո ակումբում իրականացրել են «Աջափսանդալ» օպերացիա. բերման ենթարկվածների մեծ մասը Իրանի քաղաքացիներ են

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 00:50-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գունդ ահազանգ է ստացվել, որ Արամի փողոցի 35 հասցեում վիճաբանություն է:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի գնդից տեղեկությունը փոխանցվել է պարեկային ծառայության 2-րդ գումարտակի 2-րդ վաշտ, որտեղից պարեկները՝ գումարտակի հրամանտար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի գլխավորությամբ կարճ ժամանակում հասնելով նշված հասցեում գործող «Մանոթո» դիսկո ակումբ, այնտեղից խուլիգանություն կատարելու կասկածանքով ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել 37-ամյա Սեյեդ Նուրոլահին, 24-ամյա Արաշ Թավաքոլիին, 25-ամյա Էմադ Հոսեինխանին, 22-ամյա Ամիր Բաբազադեին, 19-ամյա Հասան Փավինին, 35-ամյա Ահմադ Ասղարիին, 39-ամյա Հաշեմ Թաշաքորին և 33-ամյա Սոհեյլա Ավշարին:

Այնուհետև ժամը 04:40-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին է հրավիրվել Երևանի բնակիչ, 40-ամյա Ռոբերտ Հ.-ն, ով հայտնել է, որ ոստիկանների ստացած տեղեկությունները հավաստի են:

Այն է ՝ ժամը 00.30-ից մինչև ժամը 01.00-ն ընկած ժամանակահատվածում, նշված ակումբում բերման ենթարկվածները և նրանց ընկերները բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հաճախորդների և աշխատակիցների նկատմամբ, ձեռքերով, ոտքերով և այլ առարկաներով հարվածել են ակումբի հաճախորդներին ու աշխատակիցներին, վնասել ակումբի գույքը, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ խաթարել են ակումբի բնականոն աշխատանքը:

Այնուհետև ակումբի հաճախորդներ, 34-ամյա Հեջման Ֆախարիինը, Երևանի բնակիչ, 36-ամյա Հրաչյա Վ.-ն, 27-ամյա Փեդրամ Քավուսինը, 25-ամյա Ամիր Չեղալվադը, բացատրություններ են տվել, որ պարեկների կողմից բերման ենթարկվածները և նրանց ընկերները ձեռքերով և ոտքերով հարվածել են իրենց մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի որոշմամբ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Բոլոր անձինք բաց են թողնվել:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բաց թողնված անձինք ժամանակավորապես բնակվում են Երևանի Ազատության պողոտայում գործող «Ռեժինե» հյուրանոցային համալիրում: