Պայթյուն Սիսիանի քաղաքային պանթեոնում․ կա վիրավոր

Պայթյուն Սիսիանի քաղաքային պանթեոնում․ կա վիրավոր

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հունվարի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մրազում։ Ժամը 21։40-ի սահմաններում ոստիկանության Սիսիանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում ավագ օպեր լիազորը օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ պայթյուն է տեղի ունեցել Սիսիանի քաղաքային պանթեոնում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է, և մի քաղաքացի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սիսիան» բժշկական կենտրոն։

Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը և Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնի խումբը։ 

Ոստիկաններն ու քնիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Սյունիքի մարզի բնակիչ 36-ամյա Գրիգոր Ս․-ն է, ով Սիսիանի քաղաքային պանթեոնում նռնակի պայթուցիչի հետ անզգույշ է վարվել, և այն պայթել է, ինչի հետևանքով էլ Գրիգոր Ս․-ն ստացել է մարմնական վնասվածքներ։ 

Դեպքի փաստով՝ Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։