Մամուլ

Պայթյուն Աղվերանի «Արարատ ռեզորթ» հյուրանոցային համալիրում. կա վիրավոր

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունիսի 23-ին, պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07:30-ի սահմաններում Աղվերանի «Արարատ ռեզորթ» հյուրանոցային համալիրի անցակետում տեղի է ունեցել պայթյուն։

Պայթյունի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Չարենցավանի թիվ 47 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Վահագն Կարապետյանի գլխավորությամբ։

resort

Ժամանել են նաև ոստիկանության Չարենցավանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Պայթյունի հետևանքով ապակիներ են կոտրվել, իսկ հիվանդանոց տեղափոխվածը նշված հյուրանոցային համալիրի անվտանգության աշխատակիցն է։

Դեպքի փաստով ոստիկանության Չարենցավանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են պայթյունի պատճառը, ինչպես նաև վիրավորի ինքնությունը, և հնարավոր է՝ փաստաթղթերը փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին։

Կիսվել էջում