«Չի կարելի թույլ տալ, որ ՀԱՊԿ զորավարժությունը տեղի ունենա Հայաստանի տարածքում». Արման Բաբաջանյան

«Չի կարելի թույլ տալ, որ ՀԱՊԿ զորավարժությունը տեղի ունենա Հայաստանի տարածքում». Արման Բաբաջանյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Հայաստանի տարածքում կանցկացվեն ՀԱՊԿ խաղաղապահ զորամիավորումների «Անխորտակելի եղբայրություն-2023» համատեղ զորավարժությունը։

Ավելորդ է նույնիսկ հիշեցնել, որ խոսքը մի ռազմաքաղաքական դաշինքի մասին է, որը չի ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը, որը և որի բոլոր անդամներն ավելի շատ դաշնակից են հակառակորդ Ադրբեջանի, քան անդամ Հայաստանի հետ, որը մինչ օրս քաղաքական գնահատական չի տվել Հայաստանի սուվերեն տարածքի վրա Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիային։

Ռուսներն ու ՀԱՊԿ-ը Հայաստանի անվտանգային հարցերը ոչ միայն չեն լուծելու, այլ դրանք ավելի են սրելու։ Այդ պատրանքին տրվելը Հայաստանից թանկարժեք ժամանակ է խլում, որն այլապես պետք է ուղղել կրիտիկական կարողությունների ձեռքբերմանը։

Պատրանք է ակնկալելը, որ ՀԱՊԿ-ը ադրբեջանական զորքերի ներխուժման խնդիրը կլուծի Հայաստանի համար առավել նպաստավոր ելքով, ուստի այս զորավարժությունները պետք է բոյկոտել, չի կարելի որևէ դեպքում թույլ տալ, որ այն տեղի ունենա Հայաստանի տարածքում, քանի դեռ մի շարք կարևոր՝ վերոնշյալ իրողությունների վերաբերյալ Հայաստանը չի որոշակիացրել ՀԱՊԿ-ի դիրքորոշումը»։