Չեմ պատրաստվում ներողություն խնդրել Արփինե Հովհաննիսյանից. Անդրանիկ Քոչարյան

«Չեմ պատրաստվում ներողություն խնդրել»․ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը անդրադարձավ իր աղմկահարույց արտահայտությանը։

Նա «Առաջին լրատվականի» եթերում պատասխանելով լրագրողի դիտարկմանը, թե Արփինե Հովհաննիսյանը վերջին հարցազրույցներից մեկում, խոսելով թալանված ակտիվների, ապօրինի գույքի վերադարձի մասին, պայմանականորեն տվել է նաև իր ու Գագիկ Ջհանգիրյանի անունը, ասել էր․

«Տիկինը ինչ-որ պահի հանդիսացել է մեր երկրի արդարադատության նախարարը։ Պետք է խոսի փաստերով, իսկ պայմանական կարող է տալ իր մայրիկի, իր անհայտ հայրիկի և մյուսների անունները, և այն մարդկանց անունները, որոնք, ըստ էության, թաքցրել են կամ չեն հայտարարագրել ունեցվածքը։ Մեր հայտարարագրերը, կոնկրետ իմ պարագայում հասանելի են հասարակության բոլոր անդամներին»:

«Ինչքան հասկացա, բացի Արփինե Հովհաննիսյանից, բոլորը վիրավորվել են։ Անհայտ նշանակում է՝ հասարակությանը ոչ հայտնի: Չեմ պատրաստվում ներողություն խնդրել: Եթե Հովհաննիսյանի ընտանիքի անդամները նեղացել են, թույլ տվեք նրանք այդպիսի առաջարկով հանդես գան: Եթե վիրավորել եմ իր հայրիկին, պատրաստ եմ հանդիպել ու քննարկել խնդիրը»: