Չգիտեմ` ինչ է ուզում Պուտինը. Վլադիմիր Զելենսկի

Չգիտեմ` ինչ է ուզում Պուտինը. Վլադիմիր Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մյունխենի անվտանգության համաժողովի ընթացքում պնդել է, որ ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ սահմանվեն հիմա, ոչ թե ռմբակոծությունից հետո։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ուկրաինայի նախագահը նշել է, որ առաջատար երկրների որոշ ղեկավարների` պատժամիջոցների քաղաքականության կիրառման տեսլականը փոքր-ինչ տարբերվում է իր սեփական դիրքորոշումից. եթե Արևմուտքում նպատակահարմար են գտնում պատժամիջոցներ կիրառել միայն պատերազմի դեպքում, ապա Զելենսկին այլ կարծիք ունի։

«Ինձ ասում են՝ մենք պատժամիջոցներ կկիրառենք, եթե պատերազմ լինի։ Ես ասում եմ` ok, բայց դուք ինձ ասում եք, որ 100% պատերազմը կլինի մի քանի օր անց: Ինչի՞ն եք սպասում։ Մեզ պետք չեն ձեր պատժամիջոցները, երբ կսկսվի ռմբակոծությունը, երբ կրակեն մեր երկրի վրա»,- ասել է Զելենսկին։

Ուկրաինայի առաջնորդն իր արևմտյան գործընկերներին նախատել է այն բանի համար, որ մշտապես բարձրաձայնում են Ուկրաինայի վրա ՌԴ-ի «հարձակման» հնարավոր ժամկետները, քանի որ, Զելենսկու կարծիքով, դա ոչ մի կերպ չի օգնում Ուկրաինային։

«Ուկրաինային իսկապես օգնելու համար պետք չէ անընդհատ խոսել հնարավոր ներխուժման ժամկետների մասին։ Մենք կպաշտպանենք մեր հողը և՛ փետրվարի 16-ին, և՛ մարտի 1-ին, և՛ դեկտեմբերի 31-ին»,- ասել է նա:

Ուկրաինայի նախագահը նաև հայտարարել է, որ չգիտի, թե ինչ է ուզում Ռուսաստանի նախագահը, ուստի առաջարկում է հանդիպել:Նա հավելել է, որ առաջիկա շաբաթներին Ուկրաինայի, Գերմանիայի և Թուրքիայի մասնակցությամբ գագաթնաժողով է նախաձեռնում եվրոպական անվտանգության հարցերի լուծման և Ուկրաինայի համար անվտանգության նոր գործուն երաշխիքների մշակման նպատակով: