Չարբախում բռնկված հրդեհը 6-ամյա երեխայի մահվան պատճառ է դարձել (տեսանյութ)

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 30-ին, ժամը 11:02-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Ներքին Չարբախ թաղամասի զինվորական հավաքակայանի մոտ այրվում է խոտի դեզ, կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:31-ին: Հայտնաբերվել է Գ. Թ.-ի (ծնված 2012 թ.) դին։

Մահացած 6-ամյա երեխան անապահով ընտանիքից էր: Հարևանները նշեցին, որ դեպքի պահին հայրն ու մայրը տանը չեն եղել: Ընտանիքում երեք որդի են, մահացողը փոքրն է, իսկ դեպքի պահին կողքին է եղել 8-9 տարեկան եղբայրը:

«Երեխեն վազելով եկավ ասեց՝ դեզը կպել ա, երեխան մեջն է: Մենք էլ վազելով գնացինք, դեզը բռնկված էր: Երեխան արդեն խեղդված ընկած էր, էլ ոչինչ չէինք կարող անել: Մինչեւ երեխեն հասել է մեզ, ձեն տվել, մինչեւ գնացինք, արդեն մահացած էր»,-ասաց հարևաններից մեկը: