Չավուշօղլուն Հայաստանին մեղադրել է սադրանքի դիմելու համար և սպառնացել

Չավուշօղլուն Հայաստանին մեղադրել է սադրանքի դիմելու համար և սպառնացել

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Բահրեյնի արտգործնախարար Աբդուլլաթիֆ բին Ռաշիդ ալ-Զայան հետ հանդիպումից հետո մասնակցել է համատեղ մամուլի ասուլիսի։ Այդ ընթացքում Չավուշօղլուն պատասխանել է ադրբեջանցի լրագրողի՝ Հայաստան-Ադրբեջան սահմանային լարվածության մասին հարցին:

Թուրքիայի արտգործնախարարը փորձել է Անկարային ու Բաքվին ներկայացնել որպես տարածաշրջանային խաղաղության ու կայունության կողմնակիցներ։ Թուրքերին ու ադրբեջանցիներին հագցնելով խաղաղասիրության կեղծ պատմուճան՝ Չավուշօղլուն Հայաստանին մեղադրել է Արդբեջանի սահմանների նկատմամբ սադրանքների դիմելու մեջ, գրում է Ermenihaber-ը։

Հայկական կողմի պաշտպանական գործողությունները սադրանք որակած Չավուշօղլուն այնուհետև սպառնացել է, որ եթե Հայաստանը շարունակի նույն կերպ, ապա նորից կորուստներ կունենա։

Ըստ Չավուշօղլուի պնդումների, Թուրքիան և Ադրբեջանը տարածաշրջանում հարաբերությունների կարգավորման դիրքերից են հանդես գալիս, իսկ Հայաստանը, իբր, հակառակ դիրքորոշումն է որդեգրել:

Նա վերահաստատել է Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին՝ շեշտելով, որ ինչպես «ադրբեջանցի եղբայրները» երբեք թուրքերին միայնակ չեն թողել, այնպես էլ Թուրքիան Ադրբեջանին երբեք միայնակ չի թողնի: