«Ուր էլ հանգչեմ, որ մի գերեզմանում, ձեր դատաստանին լինելու եմ ներկա» Սիլվա Կապուտիկյանի բանաստեղծությունը՝ Ռոբերտ Քոչարյանին

Երբ 2004 թվականի ապրիլի 13-ին իրավապահները աննախադեպ դաժանությամբ ցրեցին ընդդիմադիրների խաղաղ ցույցը նախագահ Ռոբերտ Քոչարյանի նստավայրի դիմացից, բանաստեղծ Սիլվա Կապուտիկյանը որոշում կայացրերց վերադարձնել նախագահին «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանը, որով պարգևատրվել էր 1998 թվականին։

Կապուտիկյանը վերադարձրեց շքանշանը, «Ապստամբություն» բանաստեղծության հետ մեկտեղ, որը գրել էր այդ դեպքերի ընթացքում, հղելով Ռոբերտ Քոչարյանին՝ ասոլով․ «Դա իմ հոգու ճարահատ ճիչն եմ համարում՝ ընդդեմ այս անարդարությունների»։ Քոչարյանն էլ իր հերթին պատասխանել էր․ «Ուղղակի ափսոսանք եմ հայտնում: Եթե ինքը չլիներ, ավելի կոշտ պատասխան կտայի»։

Բանաստեղծությունը՝ ստորև․

Ես չեմ ապրում արդեն ու ես չեմ էլ մեռնում,
Եվ իմ չմեռնելը տևելու է երկար,
Ո՛ւր էլ լինեմ` տանը, դրսում, հեռաստանում, 
Ես ձեր դատաստանին պետք է լինեմ ներկա:

Դուք, փոքր ու մեծ տերեր, այրեր դուք ապիկար,
Առաջնորդներ չնչին ու կեսկատար,
Ստոր ձեր տեսակին ստորոտն էր հարմար,
Դուք եղծությամբ, ստով հասաք կատար:

Մտքի ընտրյալներին դուք դարձրիք ծառա
Ու դարձրիք պատանդ, հլու ընտրազանգված,
Մի պարկ փուտ ալյուրով մարդկանց խիղճը առաք,
Դուք` փչացած վաղուց` փչացրեցիք նրանց:

Ու լլկեցիք հոգին ու փշրեցիք նորից
88-ի հրաշք ժողովրդին.
Ստիպեցիք լքել հայրենիքը, որին
Արյուն էին տվել, կյանք ու որդի:

Իսկ նա, որ ստրուկին ճզմեց իր մեջ, ելա՛վ,
Հանուն պատվի, պարտքի եկավ հրապարակ,
Զորքով, փշալարով շուրջկալեցիք նրան
Ու ջանացիք ջարդել ոտքերի տակ…

Օ՜, խաղատուն դարձած հայրենական մեր տուն,
Ցեխերի մեջ ընկած մագաղաթյա մատյան,
Կախաղանի սյունից կախված անկախություն,
Մեր լույս երազների խավարակուռ պատյան:

Ես ի՞նչ, ի՞նչ խոսքերով նզովք կարդամ ու սաստ,
Ձեզ, որ խուժդուժ կարգերն այս երկնեցիք,
Ուր դուք դարձաք հեծյալ, ժողովուրդը` գրաստ,
Օտարի դուռն ընկած մի մուրացիկ:

Եվ ես հայ բանաստեղծ, ի՞նչ սև բախտի արժանացա,
Որ նզովքի խոսք եմ ասում… հային.
Հզոր ճախրից հետո այս անկումը տեսա
Եվ ապրեցի օրերն այս դիվային:

Ո՛չ, չեմ ապրում արդե՛ն ու ես չեմ էլ մեռնում,
Իսկ թե – անեծք վերին – մնաք ինձնից երկար,
Մե՛կ է, ո՛ւր էլ հանգչեմ, ո՛ր մի գերեզմանում,
Ես ձեր դատաստանին լինելու եմ ներկա…

Կիսվիր ընկերներիդ հետ