Ուրախ էի Երևանում հյուրընկալել իմ լավ բարեկամ, Լիտվայի առաջին տիկին Դիանա Նաուսեդիենեին․ Աննա Հակոբյան

Ուրախ էի Երևանում հյուրընկալել իմ լավ բարեկամ, Լիտվայի առաջին տիկին Դիանա Նաուսեդիենեին․ Աննա Հակոբյան

Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանը կառավարությունում հյուրընկալել է երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդայի տիկնոջը՝ Դիանա Նաուսեդիենեին։

Աննա Հակոբյանը և Դիանա Նաուսեդիենեն առանձնազրույց են ունեցել։ Ողջունելով տիկին Նաուսեդիենեին՝ ՀՀ վարչապետի տիկինը նշել է, որ շատ ուրախ է Երևանում հյուրընկալել իր բարեկամին։

Առանձնազրույցի ընթացքում նրանք անդրադարձել են հասարակական կյանքում կանանց դերի ակտիվացման կարևորությանը:

«Տիկին Նաուսեդիենե, մենք առաջին անգամ հանդիպել ենք 2019 թվականին Լիտվայում։

Ուրախ եմ, որ երկրորդ անգամ հանդիպելու առիթ է ստեղծվել և Ձեզ հյուրընկալում եմ Երևանում։ Կարծում եմ, որ քննարկելու և համատեղ ծրագրեր իրականացնելու մեծ հեռանկարներ կան։

Մենք կկարողանանք օգտագործել այս հնարավորությունը, որպեսզի միմյանց ավելի լավ ճանաչենք և փորձենք գտնել համագործակցության տարբեր ուղիներ։ Հուսով եմ, որ այս հանդիպումը կնպաստի հայ և լիտվացի ժողովուրդների բարեկամական դարավոր կապի ամրապնդմանը», – իր խոսքում նշել է Աննա Հակոբյանը։

Աննա Հակոբյանը հիշեց, որ դեռ 2 տարի առաջ, երբ աշխարհը պայքարում էր կորոնավիրուսի դեմ, Դիանա Նաուսեդիենեն լիտվական ռազմական ինքնաթիռով  նվերներ էր ուղարկել կորոնավիրուսով վարակված հայ մանուկներին։

Աննա Հակոբյանը նորից շնորհակալություն հայտնեց տիկին Նաուսեդիենեին մարդասիրական քայլի համար։

Լիտվայի Հանրապետության նախագահի տիկինը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ուրախությամբ հիշել իրենց առաջին հանդիպումը։ Այն Դիանա Նաուսեդիենեի առաջին պաշտոնական հանդիպումն էր Լիտվայի նախագահի տիկնոջ կարգավիճակում։

Առանձնազրույցի ընթացքում Լիտվայի նախագահի տիկինը Աննա Հակոբյանին ներկայացրել է իր գործունեությունը և ընդգծել, որ դրա հիմքում դրված է առողջ ապրելակերպի և հասարակությունների կայուն զարգացման քարոզը։

Նա համոզմունք հայտնեց, որ մեր հասարակություններում մեծացնելով կանանց դերը, կկարողանան աշխարհն ավելի լավը դարձնել։

Այնուհետև Լիտվայի նախագահի տիկինը Հայաստանի վարչապետի տիկնոջը ուղեկցությամբ այցելեց Պրոֆ. Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն, որտեղ հանդիպեց բուժում ստացող երեխաների հետ։

Հյուրերը շրջել են կենտրոնում, ծանոթացել պայմաններին և հետաքրքրվել երեխաների առողջականով։

Լիտվայի նախագահի տիկինը Աննա Հակոբյանին փոխանցեց պաշտոնական հրավեր, որպեսզի Պրոֆ. Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի բժիշկները այցելեն Լիտվա և անցնեն վերապատրաստում։

Աննա Հակոբյանը և Դիանա Նաուսեդիենեն պայմանավորվեցին ուժեղացնել շփումները առողջապահության և մշակույթի ոլորտներում։ Այդ նպատակով Լիտվայի նախագահի տիկինը Հայաստանի վարչապետի տիկնոջը հրավիրեց Լիտվա։

Աննա Հակոբյանն ընդունեց հրավերն ու պատրաստակամություն հայտնեց կյանքի կոչել ձեռք բերված պայմանավորվածությունները։