Ուսուցիչներն ամենաբարձր խավի ներկայացուցիչներ պետք է լինեն. սպասվում է աշխատավարձերի բարձրացում․ Արայիկ Հարությունյան

Հաջորդ տարի եկամտահարկի նվազեցման հաշվին աշխատավարձերի բարձրացում կլինի, բայց առանձին ուսուցիչների և գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացում նախատեսված չէ: Այս մասին այսօր խորհրդարանում ասաց Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը՝ 2019 թվականի բյուջեի նախագծի քննարկման շրջանակներում: Նա նշեց, որ հույս ունի, որ օպտիմալացումների ճանապարհին աշխատավարձերի բարձրացման հնարավորություն կա:

«Ընդ որում, ասեմ, որ կառուցվածքային փոփոխություններ տեղի են ունենալու նաև նախարարություններում: Ներկայում ես անձամբ յուրաքանչյուր վարչության գնահատմամբ եմ զբաղված: Եվ նախնական դիտարկումները ցույց են տալիս, որ այստեղ էլ օպտիմալացնելու և արդյունավետության բարձրացման տեղ ունենք»,- ասաց նա:

Արայիկ Հարությունյանը նշեց, որ ուսուցիչներն ամենաբարձր խավի ներկայացուցիչներ պետք է լինեն, համամիտ է այդ գնահատակնների հետ: «Սիստեմատիկ կերպով ուսուցչի վարկանիշը նվազեցվել է, նվազեցվել է միտումնավոր: Եվ հիմա վարկանիշի բարձրացման ուղղությամբ մի շարք ծրագրեր ենք իրականացնում»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:

Աղբյուր՝ lragir.am