Ու՞մ նախագծով և ինչու են Եռաբլուրում բետոնապատում զինվորների շիրիմները․ «Հրապարակ»

Ու՞մ նախագծով և ինչու են Եռաբլուրում բետոնապատում զինվորների շիրիմները

Hraparak.am-ը գրում է․ Մի կողմից՝ Եռաբլուրում նոր փոսեր են փորվում ու նոր մասունքներ հողին հանձնվում, մյուս կողմից` ակտիվ բետոնապատման աշխատանքներ են ընթանում: Մինչեւ տարեվերջ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում պետք է միանման շիրմաքարեր տեղադրվեն։

Չնայած ընթացող շինարարական աշխատանքների ակտիվությանը, «Եռաբլուր» զինվորական պանթեոնի ճարտարապետ Ասլան Մխիթարյանն ասում է, որ տեղյակ չէ, թե ինչ շինարարություն է ընթանում Եռաբլուրում, անձամբ իրեն ոչ ոք ոչինչ չի պատվիրել։

«8 ամիս է՝ ասում եմ՝ արագացրեք, բայց առանց իմ ներկայության տենդեր են անցկացնում, քարեր են որոշում՝ առանց իմ ներկայության, հիմա ստացվելու է, որ այդ քարերն ուղղակի կտրելու են, բերեն դնեն էդտեղ, ու քարերի նկատմամբ ոչ մի վերաբերմունք չի լինելու։

Ճարտարապետական բաներ կան, որ կարելի է թեթեւ ձեռք տալ քարին, ու այդ քարը շնչի՝ դառնա շիրմաքար, ոչ թե գործարանում կտրեն, բերեն-տեղադրեն։ Ինձ անընդհատ խոստանում են, որ հեսա կգան՝ ինձ հետ կպայմանավորվեն, ես վարպետի հետ կխոսեմ, վարպետն էլ կսկի այդպես աշխատել, բայց 8 ամիս է՝ որեւէ շարժում չկա։

Այդ ընթացքում 4 անգամ ինձ կանչել ասել են՝ վաղը, մյուս օրը ձեզ հետ կկապվեն, բայց ոչ ոք ինձ հետ չի կապվել»,- ասում է Մխիթարյանն ու հավելում, որ ինքն էլ ի՞նչ նախագծող, եթե առանց իրեն նախագիծ ու տենդեր են անում, քարեր կտրում։

Ա․ Մխիթարյանն ասում է՝ շատ նեղված է, որովհետեւ Եռաբլուրը դառնալու է գյուղի գերեզմանոց, քանի որ ծնողներից ամեն մեկը շիրմաքարի մի տարբերակ է ուզում։ «Շատ նեղված եմ, որովհետեւ իմ ընկերները, նրանց տղաները, այդ թվում՝ իմ ուսանողները, այնտեղ պառկած են, եւ այս հարցում պետությունը որոշակի ձեւով իր դիրքորոշումը պետք է արտահայտի, եթե թողնեն ծնողների վրա, կտեսնեք, թե ինչ է լինելու մեկ տարի հետո։

Եթե ուրիշ ճարտարապետ կա, թող գոնե նրա նախագիծը ցույց տան»,- ասում է նա ու ընդգծում, որ վրդովված է ու չգիտի, թե ինչ է կատարվում, մինչդեռ, իր նախագծով, Եռաբլուրում պետք է լիներ նաեւ բաց խորան, որտեղ մարդիկ կարողանային խունկ վառել, ինքն էլ սրտանց ուզում էր նույն ոճով շարունակել Եռաբլուրի ճարտարապետական նախագծումը՝ պահպանելով պանթեոնի ընդհանուր դիմագիծը։

Պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանի հետ հանդիպեցինք եւ զրուցեցինք հենց Եռաբլուրում, ում խոսքով՝ կառուցապատման աշխատանքները Եռաբլուրում սկսվել են ըստ ՊՆ-ի ներկայացրած նախագծի։

«Կառուցապատման աշխատանքների ավարտից հետո պլանավորում ենք գերեզմանաքարերը տեղադրել։ Այդ առումով մենք ծնողներին առաջարկել ենք ընտրել մեկ տեսակի կլասիկ ոճի քար, բայց ծնողներն ընդդիմացան, որպեսզի իրենց հնարավորություն տրվի ընտրություն կատարելու։

Ծնողներին չնեղացնելու, էլ ավելի ցավ չպատճառելու համար նրանց ընտրության հնարավորություն ընձեռեցինք եւ Հայաստան քար ներկրող 4 օպերատորների հրավիրեցինք Եռաբլուր ու առաջարկեցինք ներկայացնել քարի տեսականի»,- ասում է ՊՆ խորհրդականն ու նշում, որ 4 օպերատորների կողմից 7 քարի տեսականի է ներկայացվել։

Շուրջ 17-18 օր ընտրություն անելուց հետո ծնողների մեծամասնությունը (432 հոգի) ընտրել է Չելյաբինսկի սպիտակ գույնի մարմարը։ Բայց մինչ այս պահը ծնողների մեծ մասը դեռ տատանվում է, եւ գալիս փոփոխություններ են կատարում, բայց որպես վերջնարդյունք՝ նախապատվությունը տրվել է Չելյաբինսկի սպիտակ մարմարին։

Եթե տարաձայնությունները քարի ընտրության հարցում գրեթե հարթված են, ապա բետոնապատման աշխատանքների հետ կապված տարաձայնությունները շարունակում են բարձաձայնվել։ «Որոշ ծնողներ համաձայն չեն բետոնապատման աշխատանքների հետ, բայց ծնողների գերակշիռ մասը գտնում է, որ պետք է բետոնապատում կատարվի, որպեսզի գերեզմանը լինի հավուր պատշաճի ամուր, եւ գերեզմանաքարը տեղադրելուց խնդիրներ չունենան»,- ասում է նա ու եւս մեկ անգամ ընդգծում, որ բետոնապատման աշխատանքները կատարվում են՝ համաձայն ՊՆ կապիտալ շինարարության վարչության ներկայացրած նախագծի։

Թե ով է նախագծի հեղինակը, ասում է՝ տվյալ վարչության նախագծող բաժնի մասնագետները․ «Եվ մենք էլ հիմա աշխատանքներն իրականացնում ենք՝ համաձայն այդ նախագծի, այնպես չէ, որ ինքնագլուխ կառուցապատման աշխատանքներ ենք անում, ամեն ինչ նախագծով է իրականացվում»։

Թե ինչու ՊՆ-ն չի դիմել 8 ամիս իր զանգին սպասող Եռաբլուրի ճարտարապետին, Ավետիսյանն ասում է՝ ճարտարապետն իզուր է սպասել, քանի որ քաջատեղյակ էր եւ գիտեր, որ կառուցապատման աշխատանքներ են տանելու․

«Նույն ճարտարապետը հուշակոթող է նախագծել, որը պետք է Եռաբլուրում լինի, եւ հայտարարված մրցույթում էլ իր այդ նախագիծը հաղթել է։ Եթե ճարտարապետը ներկայացնում է, որ առանց իրեն է այս ամենը կատարվել, ես գիտեմ, որ կապիտալ շինարարության վարչությունը մի քանի անգամ նրան հրավիրել է ՊՆ, հետը բանակցել, խորհրդակցել են, եւ այդ ամենը համաձայնության արդյունքում է տեղի ունեցել, ինչո՞ւ է հիմա նա այդպես ասում, գուցե ժողովրդի տարաձայնություններից ելնելո՞վ՝ չեմ կարող ասել։

Ի դեպ, ճարտարապետը տեղյակ էր՝ 2 անգամ մրցույթ է հայտարարվել, ու 2 անգամ էլ որեւէ մի կապալառու չի ցանկացել մասնակցել մրցույթին, դրա համար 3-րդ անգամ հրավիրել ենք արդեն շինարարների եւ խնդրել ենք կառուցապատման աշխատանքները սկսել, արդյունքում փոփոխություն է տեղի ունեցել մեկ անձից գնման սկզբունքով, եւ այդ փոփոխության արդյունքում այսօր իրականացվում են այս շինարարական աշխատանքները»։

Հնարավոր չէ՞ր այնպես անել, որ շիրիմները չպատվեին համատարած բետոնով, որպեսզի կանաչը շատ լիներ, ինչպես ժողովրդական խոսքն է ասում՝ հողը թեթեւ լիներ մեր լույս տղաների շիրիմներին։

«Ամեն ինչ համեմատության մեջ կարելի է քննարկել եւ համաձայնության գալ, բայց երբ պատերազմը սկսվեց, եւ արագի մեջ սկսեցին նաեւ զինվորների աճյունները տեղափոխել ու արագ հուղարկավորություն կատարել, բնականաբար, պետք է այս ամենն ի սկզբանե նախագծված ու կանխորոշված լիներ, բայց այդ ամենը չկար պատերազմի օրերին, եւ մեր լույս երեխաների աճյունները մինչեւ այսօր գալիս են, ու մենք հուղարկավորություններ ենք իրականացնում։

Օր է եղել, որ 18-20 հուղարկավորություն է տեղի ունեցել, եւ լավ կլիներ, որ այդ օրերին ճարտարապետը գար Եռաբլուր, եւ կապիտալ շինարարության վարչության մասնագետների հետ նախագծեին եւ հուշեին հուղարկավորող կազմին, թե ինչպես իրականացնել այդ ամենը, որպեսզի հետագայում խնդիրներ չունենայինք»։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում