Որ ուժը քանի մանդատ ստացավ․ ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների արդյունքները

Որ ուժը քանի մանդատ ստացավ․ ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների արդյունքները

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է հոկտեմբերի 17-ին համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցած կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների միջև ավագանիներում մանդատների բաշխումը, տեղեկացնում է «Արմենպրեսը»։

Ըստ այդմ, Շիրակում՝ Գյումրիում, ամենաշատ մանդատներ է ստացել «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը՝ 14 մանդատ, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 11, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն՝ 4, Հայաստանի հանրապետական և «Ապրելու երկիր» կուսակցությունները ստացել են 2-ական մանդատներ։

Սյունիքի Գորիս համայնքում մանդատներ են ստացել 4 ուժեր, առաջատարը «Առուշ Առուշանյան» դաշինքն է՝ 13 մանդատ, հաջորդում է «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 7 մանդատ, Հայ ազգային կոնգրեսը ստացել է 1 մանդատ։

Սյունիքի Մեղրի համայնքում ամենաշատ մանդատներ ստացել է «Հանրապետություն» կուսակցությունը՝ 6, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 5, Ազատական և «Ապրելու երկիր» կուսակցությունները՝ 2-ական մանդատ։

Սյունիքի Տաթև համայնքում առաջատարը «Քաղաքացիական պայմանագիրն» է՝ 7 մանդատ, 1-ով քիչ մանդատ է ստացել «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը՝ 6, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 5։Սյունիքի Տեղ համայնքում ևս ամենաշատ մանդատ ստացել է «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 10, «Ապրելու երկիրը»՝ 5, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 1։Տավուշի մարզի Դիլիջան համայնքում առաջատարը կրկին «Քաղաքացիական պայմանագիրն» է՝ 13 մանդատ, «Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն՝ 2 մանդատ։

Այսպիսով, ընտրությունների արդյունքներով՝ Սյունիքի մարզի Տաթև և Տեղ, Տավուշի մարզի Դիլիջան համայնքներում հաղթեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, Գյումրիում` «Բալասանյան դաշինքը», Գորիսում` «Առուշ Առուշանյան» դաշինքը, Մեղրիում` «Հանրապետություն» կուսակցությունը։