Որքանո՞վ կթանկանա հացի գինը․ մեկնաբանում է ՏՄՊՊՀ նախագահը
Վերջերս մամուլն ակտիվ քննարկում էր, որ Հայաստանում հացի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողները պատրաստվում են վերանայել հացի վաճառքի գները: Որպես պատճառ նշվում է Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի վերջերս կատարած ուսումնասիրությունը: ՏՄՊՊՀ-ն ռուսաստանյան շուկայում ալյուրի թանկացում է նկատել: 1 տոննա ցորենի գինը բարձրացել է մոտ 46 տոկոսով: Ու սրանից բխող հետեւանքներով էլ ենթադրվում է, որ հացի թանկացում կլինի:
«Գների բարձրացումը ամբողջությամբ պայմանավորված է վատ եղանակային պայմաններով, որը տեղի է ունեցել Ռուսաստանում»,- այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:
Մեր հարցին՝ ըստ ՏՄՊՊՀ-ի իրականացրած ուսումնասիրության՝ հացի գնի թանկացում սպասվո՞ւմ է, Շաբոյանը պատասխանեց. «Նման տեղեկատվություն ես չեմ կարող տրամադրել: Ես կարող եմ հետեւյալն ասել, որ մեր ուսումնասիրություններով՝ 2018 թվականի ընթացքում էականորեն բարձրացել են ձեռք բերվող ցորենի գները:
Իրավիճակը հետեւյալն է՝ մենք սպառում ենք մեր երկրում տարեկան մոտավորապես 144 հազար տոննա ալյուր: ԱՎԾ-ի տվյալներով՝ 2018 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին մեր ալյուրի արտադրության ծավալը եղել է 120 հազար տոննա, եւս 24 հազար տոննա մենք ներմուծել ենք: Այսինքն, ընդհանուր առմամբ 144 հազար տոննա ալյուր է իրացվել մեր երկրում:
120 հազար տոննա ալյուրը ցորենից է արտադրված, իսկ 24 հազարը ներմուծված ալյուրն է: 2018 թվականի տվյալներով՝ մենք 280 հազար տոննա ցորեն ենք ներմուծել»:
Շաբոյանը նշեց, որ սա էական ազդեցություն ունի Հայաստանի ալյուրի արտադրության ծավալների վրա:
«Այս ցորենը, որ մենք 2018 թվականին ներմուծել ենք, հիմնականում Ռուսաստանից ենք ներմուծել: Մենք մասնավորապես ուսումնասիրություն ենք անցկացրել Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում, Ռոստովի մարզում ցորենի մեծածախ վաճառքի գները եւ մոտավորապես հետեւյալ պատկերն է ստացվում, որ անցած տարվա ընթացքում 1 տոննա ցորենը 8750 ռուբլուց բարձրացել եւ հասել է 13 հազար ռուբլու:
Այսինքն, մոտավորապես 48 տոկոսով Ռուսաստանում ցորենի գները բարձրացել են եւ բնականաբար, դա իր ազդեցությունն է թողել Հայաստանում ներմուծվող ցորենի գների վրա»,- ասաց Շաբոյանը:
ՏՄՊՊՀ նախագահի խոսքով՝ մեր տնտեսվարողները մոտավորապես մինչեւ 46 տոկոսով բարձր գնով են ցորեն ձեռք բերել:
«Տարվա ընթացքում 2 թանկացում է եղել, մեկը՝ հուլիս ամսին, մեկն էլ՝ տարեվերջին: Ընդհանուր՝ ալյուրը թանկացել է մոտավորաես 10 տոկոսով եւ 1 կիլոգրամ բարձր տեսակի ալյուրը 200 դրամից դարձել է մոտ 220 դրամ»,- ասաց Շաբոյանը:
Մեր դիտարկմանը, թե սրանից ելնելով՝ տրամաբանակա՞ն է, որ հացը նույնպես կթանկանա, Շաբոյանը արձագանքեց. «Չեմ կարող ասել: Դա միանշանակ չէ, որովհետեւ հիմա ցորենի գների բարձրացումը ամբողջությամբ պայմանավորված է վատ եղանակային պայմաններով, որը տեղի է ունեցել Ռուսաստանում: Մասնավորապես չորային ամռան հետեւանքով 2018 թվականին ցորենի գները կտրուկ բարձրացել են:
Մասնավորապես, 16 մլն տոննա ցորենի ծավալ էր նախատեսվում Ռուսաստանում, բայց դրա դիմաց ստացել են 13 մլն տոննա: Այսինքն, 3 մլն տոննայի տարբերություն է, որը բավականին մեծ ծավալ է կազմում: Այս տարվա ընթացքում, արդեն կախված եղանակային պայմաններից, կերեւա, թե Ռուսաստանում ցորենի ինչպիսի գներ են նախատեսվում»:
Նշենք, որ ՏՄՊՊՀ-ի ներկայացրած տվյալների համաձայն՝ Հայաստան ներմուծված ալյուրի 52%-ը ներմուծել է «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ-ն, 23%-ը՝ «Մոդուս Գրանում» ՍՊԸ-ն, մնացած 25 %-ը` 84 տարբեր տնտեսվարողներ։
Աղբյուր՝ armtimes.com