Որքա՞ն հարկ է վճարել Ծառուկյանի ընկերությունը Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք

Որքա՞ն հարկ է վճարել Ծառուկյանի ընկերությունը Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի  հիմնադրած «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ն, որի առնչությամբ քրեական գործ է հարուցված ԱԱԾ–ում, իր  գործունեության 7 տարվա ընթացքում 31,7 մլրդ դրամ հարկ է վճարել պետական բյուջե, որից 11, 5 մլրդ–ը՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք։

Այս մասին NEWS.am–ը տեղեկացավ՝ համադրելով Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակված տվյալները։ «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ն, որը  ներկայացնում է «Շանգրի լա» խաղատունը  և «Փարավոն» հանգստի և ժամանցի համալիրը, 2020թ. առաջին եռամսյակի տվյալներով 25–րդն  է Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակում։

«Օնիրա քլաբ»–ի բաժնետերեր են Գագիկ Ծառուկյանն ու նրա կինը՝ Ջավահիր Ծառուկյանը, և 2.8 տոկոս բաժնեմաս էլ ունի «Մուլտի գրուպ» կոնցեռնը։

Նշենք, որ դեռևս այս տարվա ապրիլին քննարկվում էր «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ին 2013թ. տրված խաղատան կազմակերպման լիցենզիայի գործողության դադարեցման հարցը, սակայն Ֆինանսների նախարարության վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների լիցենզավորող հանձնաժողովը ապրիլի 30–ի նիստում հաստատել է «Օնիրա Քլաբ»–ի վերաբերյալ եզրակացությունը, ինչի հիման վրա էլ ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը կարճել է վարչական վարույթը։

Բայց այս որոշումից երկու ամիս անց ԱԱԾ–ն պարզեց, որ ոչ միայն առկա է լիցենզիայի տրամադրման հետ կապված խախտում, այլև դրա արդյունքում պետությանը առանձնապես խոշոր չափերի՝ ավելի քան 29.7 մլրդ ՀՀ դրամի վնաս է պատճառվել։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում