Որտեղ և երբ կհուղարկավորվի Վանո Սիրադեղյանը․ «Հրապարակ»

Որտեղ և երբ կհուղարկավորվի Վանո Սիրադեղյանը

Hraparak.am-ը գրում է․ Երեկ հայտնի դարձավ, որ Վանո Սիրադեղյանի հուղարկավորության կազմակերպման նպատակով կստեղծվի կառավարական հանձնաժողով, որը կքննարկի սգո արարողության հետ կապված բոլոր հարցերը:

Երեկվա դրությամբ դեռ հայտնի չէին արտերկրում մահկանացուն կնքած գրողի հոգեհանգստի եւ հուղարկավորության ժամկետները: Կառավարությունից խոստանում էին` պարզ լինելուց հետո մանրամասներ հաղորդել:

Մենք փորձեցինք պարզել, թե ովքեր են ընդգրկվել Վանո Սիրադեղյանի հուղարկավորման հանձնաժողովի կազմում, ով է նախագահը, եւ ինչ է արվել հանձնաժողովի ստեղծման մասին հաղորդագրությունից ի վեր:

Կառավարության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հուղարկավորության հանձնաժողովը դեռ ձեւավորված ու հաստատված չէ, հայտնի չէ կազմը, նաեւ այն, թե ով է գլխավորելու հանձնաժողովը։ Իսկ հարցը, թե որտեղ է հուղարկավորվելու Վանո Սիրադեղյանը, Արմեն Խաչատրյանի խոսքով, կորոշի հանձնաժողովը, լրացուցիչ մանրամասներ կհաղորդվեն առաջիկայում:

Ենթադրում էինք, որ Հայաստանի գրողների միությունում ավելի շատ տեղեկատվություն կունենան, բայց ԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանն էլ ոչնչից տեղյակ չէր։ «Իրենք ո՛չ տպագրել են (կազմը), ո՛չ զանգող է եղել»,- ասաց Միլիտոնյանը։

Տեղեկացրեց, որ «Գրական թերթը» տպագրելու է Վանո Սիրադեղյանի պատմվածքներից մեկը․ «Մենք նրա 70-ամյակն էլ ենք նշել «Գրական թերթով», հիմա ո՞նց կարող է չանդրադառնա»։

Վանո Սիրադեղյան

Սիրադեղյանի ընկերներն ու ընտանիքի անդամներն էլ նրա մարմինը տեղափոխելու ժամկետներ չեն նշում։ Մենք տեղեկացանք, որ այս օրերին քովիդով վարակվել է Վանո Սիրադեղյանի դուստրը` Արփի Սիրադեղյանը, եւ տեղափոխվել հիվանդանոց։

Ինչ վերաբերում է գրողի աճյունին, ապա այս հարցում իրավական խնդիր է առաջացել` նա արտերկրում ապրել է այլ անվան տակ, ուստի նույնականացման եւ իրավական մյուս խնդիրները պետք է լուծվեն, որ կարողանան Հայաստան տեղափոխել:

Մերձավորները կարծում են, որ Վանո Սիրադեղյանը կտակ է թողել, որով ցանկություն է հայտնել հուղարկավորվել հայրենի Կոթի գյուղում, ուստի Կոմիտասի անվան պանթեոնում հուղարկավորելու մասին խոսակցություններն առնվազն այդ խոսակցությունները վարողների ցանկություններն են, իսկ ընտանիքը կկատարի գրողի վերջին ցանկությունը: