Ով է փակ պահում Բերձորի միջանցքը․ ՌԴ ԱԳՆ

Ով է փակ պահում Բերձորի միջանցքը․ ՌԴ ԱԳՆ

Lragir.am-ը գրում է․ Ռուսաստանը շարունակում է աշխատանքները Լաչինի միջանցքի ամբողջական ապաշրջափակման ուղղությամբ՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Անհրաժեշտ է գտնել բոլոր կողմերի համար ընդունելի լուծում։

Ընդգծվել է, որ չնայած մեր կառուցողական տրամադրվածությանը, փաստաթղթի ֆրանսիացի հեղինակներն անտեսել են ռուսական առաջարկների ճնշող մեծամասնությունը։ Մեր արևմտյան գործընկերներն իրենց մեջ քաջություն չգտան տեքստում փաստեր շարադրել։

Մասնավորապես՝ հիշատակել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հայտարարությունը, որը հայ-ադրբեջանական կարգավորման հիմնարար հիմնասյունն է։

Ամեն դեպքում մենք զբաղված ենք լինելու ոչ թե պոպուլիզմով, այլ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման առարկայական աշխատանքով», ասել է Զախարովան։

ՄԱԿ ԱԽ-ում ՌԴ ներկայացուցչից հետո հիմա էլ ՌԴ ԱԳՆ խոսնակն է խոստովանում Բերձորի միջանցքի արգելափակման հանգամանքները։ Նախ նշենք, որ ՌԴ-ն, համաձայն նույն նոյեմբերի 9-ի եւ, ինչպես պարզվեց Փաշինյանի բացահայտումից՝ դրա շարունակություն ՀՀ եւ ՌԴ ՊՆ ստորագրած թղթի, պարտավոր էր միջանցքից դուրս շպրտել Բաքվի «էկոակտիվիստներին», եւ ոչ թե «գտնել բոլոր կողմերի համար ընդունելի լուծում»։

Արդեն իսկ այս ձեւակերպումը, ինչպես նաեւ միջանցքի վրա «խաղաղապահներ-էկոակտիվիստներ» տեսարանները մատնում են միջանցքի արգելափակման համատեղ ակտը։

Ինչ վերաբերում է ՄԱԿ ԱԽ-ում համատեղ հայտարարությանը, ՌԴ ԱԳՆ միանգամայն հստակ խոստովանում է, որ տապալել է դրա ընդունումն այն պատճառով, որ Ֆրանսիան ու այլ երկրներ դեմ են եղել 2020 թ․ նոյեմբերի 9-ի հակահայ հայտարարության լեգիտիմացմանը ՄԱԿ ԱԽ-ում։ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո ՌԴ առաջին դեմքերը ԵԱՀԿ ՄԽ-ին, ՄԱԿ-ին եւ միջազգային այլ կառույցների կոչ էին անում ընդունել նոյեմբերի 9-ի թուղթը որպես կարգավորում, լեգիտիմացնել այն եւ ներգրավվել բացառապես հումանիտար հարցերում, հայտարարելով, թե Ղարաբաղյան խնդիրն արդեն կարգավորված է։ Այս կոչերը մերժվել են թե այն ժամանակ, թե անցյալ տարվա դեկտեմբերին ՄԱԿ ԱԽ-ում։

Պատահական չէ, որ Բերձորի միջանցքի արգելափակումից հետո ՀՀ եւ Արցախի խամաճիկ իշխանությունները «միջազգային հանրությանը» կոչ են անում ՄԱԿ մանդատ տալ ռուս «խաղաղապահներին», միջանցքի խնդիրը ներկայացնելով բացառապես հումանիտար կտրվածքով։

Սա շարունակվում է մինչ օրս, թեեւ այս կրկեսի մասնակիցների նյարդերն արդեն տեղի են տալիս՝ դժվար է Զախարովա-Պեսկով-Փաշինյան «փոխհրաձգությամբ» պահել իրավիճակը․ Փաշինյանն իր վերջին ասուլիսում հայտնեց, որ ՄԱԿ-ին Հայաստանի դիմելը՝ միջազգային խաղաղապահների ու Բերձորի միջանցքի միջազգային դիտարկման հարցով, կդառնա հակառուսական գործողություն։

Ավելացնենք, որ Մոսկվան ՄԱԿ ԱԽ հայտարարությունը տապալելու պատճառների մեջ նշել էր նաեւ այն, որ այնտեղ հասցեական նշված էր «կողմերից մեկը», այսինքն՝ Բաքուն։ Մոսկվան հայտարարելով, որ Ռուսաստանը չի փակել միջանցքը, նաեւ չի ասում, թե ով է փակել։ Ավելացնենք նաեւ, որ Ռուսաստանը հընթացս լուծարում է միջանցքի կարգավիճակը՝ ՀՀ վարչապետի լուռ համաձայնությամբ։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում