Ովքե՞ր էին ներկա Գագիկ Հարությունյանի ծննդյան 70-ամյակին «Օջախ»-ում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Օջախ» ռեստորանում Հայաստանի իշխանական քաղաքական էլիտան երեկ նշել է Սահմանադրական դատարանի նախկին նախագահ, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի ծննդյան 70-ամյակը:

Ըստ «Ժամանակ»-ի աղբյուրի՝ այդ միջոցառմանը, բացի իշխանության բարձրագույն ներկայացուցիչներից՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ներկա էին նաեւ նախկին պաշտոնյաներ, ովքեր թվում է, թե անվերադարձ խզել էին իրենց կապերը իշխանության հետ:

Մասնավորապես՝ ծննդյան արարողությանը ներկա էին նախկին վարչապետներ Տիգրան Սարգսյանը և Հովիկ Աբրահամյանը, տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը, կապի և տրանսպորտի ևս մեկ նախկին նախարար Մանուկ Վարդանյանը:

Արցախից ներկա էին նախագահ Բակո Սահակյանը, նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, Արցախի առաջին վարչապետ և նախկին ԱԺ նախագահ Օլեգ Եսայանը:

Ընդդիմադիր «Ծառուկյան» դաշինքից ներկա էին ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը, Վարդան Բոստանջյանը և Նաիրա Զոհրաբյանը: Թեև Գագիկ Ծառուկյանը ծննդյան տոնին ներկա չէր՝ Հայաստանից բացակայելու պատճառով, սակայն նրան ներկայացնում էր մայրը՝ Ռոզա Ծառուկյանը:

«Ելք» դաշինքից ներկա էր Արտակ Զեյնալյանը: Ավելացնենք նաև, որ ՍԴ նախագահի ծննդյան տոնը իր ներկայությամբ պատվել էր նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը:

Միջոցառման մասնակիցներն ասում են, որ կատարյալ ազգային համաձայնության հասնելու համար բացակայում էին միայն նախկին նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանը և Ռոբերտ Քոչարյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում