Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել «Պզոյի» մասնակցությամբ միջադեպի մասին (Տեսանյութ)

Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել «Պզոյի» մասնակցությամբ միջադեպի մասին։

Օգոստոսի 14-ին, ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողները տեղեկություններ են ստացել մայրաքաղաքի ակումբներից մեկում տեղի ունեցող վիճաբանության և ծեծկռտուքի մասին։

Տեղում պարզվել էր, որ մի խումբ անձինք ակումբի հարակից տարածքում կատարում են խուլիգանական գործողություններ՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ։

Օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորություններն իրացնելով ոստիկանության ծառայողները խափանել են հասարակական կարգի խմբային խախտումը և առերևույթ հանցագործություն կատարելու կասկածանքով բերման ենթարկել 5 անձի։

Բերման ենթարկված մի քաղաքացի գտնվելով ակնհայտ ոչ սթափ վիճակում, շարունակել է խուլիգանական գործողություններ կատարել նաև ոստիկանության բաժնում, այդ թվում՝ բարձրաձայն հայհոյանքներ տալով։ 

Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է ՝ խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից։

Քրեական գործն ուղարկվել է քննչական կոմիտե՝ նախաքննության։

Ի դեպ, միջադեպի տեսանյութը տարածվեց նաև համացանցում։ Զարմանալի է, որ ԶԼՄ-ների որոշ ներկայացուցիչներ և օգտատերեր ակնարկում էին, թե ինչու ոստիկանները «չեն պատժում» հարբած վիճակում գտնվող տղամարդուն։

Ոստիկանությունը օրենքի շրջանակում ապահովում է հասարակական կարգը, վերականգնում քաղաքացիների ոտնահարված իրավունքները և հաստատում կարգուկանոն։ Ոստիկանության խնդիրը այս փուլում անձանց պատժելը չէ, անկախ այդ բառի իմաստային դրսևորումներից։

Իրավախախտում կատարած ցանկացած անձի գործողություններին իրավական գնահատական է տրվում գործող օրենսդրության պահանջներին համապատասխան, որի արդյունքում ցանկացած անձի կողմից նրան վերագրվող արարքը սահմանված կարգով ապացուցվելու դեպքում, կիրառվում են իրավաբանական պատասխանատվության և հարկադրանքի համարժեք միջոցներ։