Ոստիկաններն ապահովում են գեներալի ընտանիքի անվտանգությունը. նրանց տնից գողություն է եղել

Armtimes.am-ը գրում է․Արդեն մի քանի օր է՝ մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ անհայտ անձինք հարձակում են գործում, մի շարք ծանր հոդվածներով կալանքի տակ գտնվող Մանվել Գրիգորյանի բարեկամների, հարազատների բնակարաններ վրա, քարեր նետում, գույք ոչնչացնում և գողություն կատարում:

Մասնավորապես, ըստ այդմ՝ գողության վերջին դեպքը տեղի է ունեցել երեկ ուշ երեկոյան: Գողության մասով տեղեկությունը մեր զրույցում հաստատեց Արմավիրի մարզի ոստիկանապետ Արսեն Այվազյանը: Նա նաև ասաց, որ ոստիկանությունն արդեն մի քանի օր է՝ ապահովում է Մանվել Գրիգորյանի ընտանիքի անդամների, մասնավորապես Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի, նրա ընտանիքի անդամների, դատավոր դստեր՝ Նաիրա Գրիգորյանի անվտանգությունը, ինչպես նաև պահպանություն է իրականացվում նրանց գույքի նկատմամբ:

– Պարոն Այվազյան, Էջմիածնում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Մանվել Գրիգորյանի բարեկամների բնակարանների վրա հարձակումներ են տեղի ունենում, քարեր են շպրտում, գողություն կատարում: Ինչո՞ւ ոստիկանները սա չեն կանխում, չե՞ն տիրապետում օպերատիվ իրավիճակին:

– Մասամբ տեղեկությունները համապատասխանում են իրականությանը՝ գողությունների մասով, իսկ մյուս մասով հիմնականում ապատեղեկատվություն է. քարեր նետել, ջարդել, փշրել, նման բան չկա: Մենք գողության դեպքեր ունենք արձանագրված Մանվել Գրիգորյանի որդու բնակարանում, ինչպես նաև Արշալույս գյուղում գտնվող տան տարածքում. դրանք չբնակեցված տարածք են, համենայնդեպս, տվյալ պահին վերջին շրջանում չեն բնակվում, և այդտեղ մենք պահպանություն չենք իրականացրել զուտ այն իմաստով, որ դրանք չբնակեցվող են: Ինչ վերաբերում է գույք ոչնչացնելուն, վնասելուն, ապա դրանք ապատեղեկատվություն են, մենք նման ահազանգ չունենք:

– Իսկ գողության դեպքերը դեռ չեն բացահայտվե՞լ:

– Մեկն այսօրվա արձանագրված դեպք է, մուտք են գործել բնակարան, բայց որևէ բան չեն գողացել, մյուսն էլ մի քանի օր առաջ է տեղի ունեցել և կատարվում են համապատասխան օպերատիվ միջոցառումներ՝ դրանք բացահայտելու ուղղությամբ:

– Երբվանի՞ց է ոստիկանությունն անվտանգության միջոցառումներ իրականացնում Մանվել Գրիգորյանի ընտանիքի և նրանց գույքի պահպանության համար:

– Բնականաբար, տեղեկություններ էինք ստանում հնարավոր վտանգների վերաբերյալ. այս մասով մենք ձեռնարկում ենք շուրջօրյա անվտանգություն, մասնավորապես՝ Մանվել Գրիգորյանի և նրա մերձավոր ազգականների, այն բնակարանների, որոնց վերաբերյալ ինֆորմացիա ունենք:

Մասնավորապես, պահպանություն ենք իրականացնում Մանվել Գրիգորյանի տան տարածքում, նրա որդու՝ նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի, նրա գույքի, նրա դստեր՝ Նաիրա Գրիգորյանի, ամառանոցի նկատմամբ ենք պահպանություն իրականացնում, բացի այդ իրենք կազմակերպություն ունեն, որտեղ հայտնաբերվեցին գործի համար նշանակություն ունեցող մի շարք իրեր, այդ թվում՝ ավտոմեքենաներ. այդ հատվածում ևս իրականացվում են պահպանություններ:

Այսինքն՝ բոլոր այն հատվածներում, որտեղ մենք ունենք իրեղեն ապացույցներ, կամ որոնց վերաբերյալ մենք օպերատիվ տեղեկություն ունենք, որ հնարավոր է այդ գույքի նկատմամբ լինեն որոշակի ոտնձգություններ:

– Այդ պահպանությունը որքա՞ն կշարունակվի:

– Անհրաժեշտությունը դեռ կա և պահպանությունը պետք է շարունակվի իրականացվել: Մենք պահպանություն իրականացնում ենք, այսպես ասած, առաջնային անհրաժեշտություն ունեցող օբյեկտներում, տներում և անձանց նկատմամբ, և դա առաջիկայում հաստատ կշարունակվի: Ոստիկանության ուշադրության կենտրում են նաև Մանվել Գրիգորյանի և Կարեն Գրիգորյանի ընտանիքի անդամները, մերձավոր ազգականները, փորձում ենք առավելագույնս բոլոր միջոցառումները իրականացնել՝ նրանց անվտանգությունը և նրանց գույքի անվտանգությունը պահպանելու համար:

Շարունակությունը կարող եք կարդալ՝ այստեղ։