Ոստիկանները մեծ խմբով մտել են Չարենցավան և «ասֆալտին փռելու» օպերացիա իրականացրել

Ոստիկանները մեծ խմբով մտել են Չարենցավան և «ասֆալտին փռելու» օպերացիա իրականացրել

Hraparak.am-ը գրում է․ Ոստիկանությունը նորից սկսել է իր՝ «ասֆալտին փռելու» էժանագին շոուները։ Երեկ նմանատիպ մի շոու բեմադրել էին Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում։ «Հրապարակ»-ին պատմեցին, որ մարզային վարչության բազմաթիվ ոստիկաններ մի քանի մեքենաներով մտել են քաղաք և ում հասցրել՝ բառիս բուն իմաստով պառկեցրել են ասֆալտին։

Որոշներին նաև ոստիկանության Չարենցավանի բաժին են տարել։ Ու որևէ տրամաբանություն չի եղել նրանց գործողություններում, որևէ մեկի հետ, մասնավորապես՝ ոստիկանության Չարենցավանի բաժնի կամ քաղաքային իշխանությունների հետ չեն խորհրդակցել՝ որ ժամին գան, ում բռնեն, ում խուզարկեն, ում «խելոքացնեն»։

Արդյունքում՝ թիրախում հայտնված չարենցավանցիների մեծ մասը խելոք վարորդներ են եղել, որոնց կողմից խուլիգանական որևէ դրսևորում չի նկատվել։

Իսկ նրանք, որոնք գիշերային ժամերին խաթարում են քաղաքի անդորրը, սանձարձակ պահվածք են ցուցաբերում, «ճռռիկներ» են անում քաղաքում, նրանք էլի անպատիժ են մնացել ու վստահաբար նորից կշարունակեն նույն կերպ իրենց պահել։

Ականատեսներն ասացին՝ ոստիկաններն իրենց երեկվա ծիծաղելի շոուն, որը «կապիկություն» էին անվանում, նաև տեսանկարահանում էին՝ երևի ցույց տալու ղեկավարությանը, որ «օպերացիան բարեհաջող իրականացրել են»։

Իսկ թե ինչ օգուտ տվեց դա, բացի հերթական էժանագին շոուն բեմադրելուց, դժվար է ասել։ Մեզ ասացին նաև, որ դրա նախորդ օրը նմանատիպ շոու Աբովյան քաղաքում են բեմադրել, այսօր էլ Հրազդանի հերթն է։