Ոստիկանական հատուկ օպերացիա «Միրաժ» հյուրանոցային համալիրի մոտ․ հայտնաբերվել է Սևանի թերակղզում կրակոցների հեղինակը

Ոստիկանական հատուկ օպերացիա «Միրաժ» հյուրանոցային համալիրի մոտ․ հայտնաբերվել է Սևանի թերակղզում կրակոցների հեղինակը

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Նոր Նորքի և ոստիկանության Երևան քաղաքի բաժինների ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 30-ին Երևանում «Միրաժ» հյուրանոցային համալիրի մոտ հայտնաբերել և ոստիկանության Սևանի բաժին են բերման ենթարկել 28-ամյա Բաբկեն Գ․-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է հուլիսի 29-ին Սևանի թերակղզու հարավային լողափի տարածքում մի խումբ անձանց մասնակցությամբ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ կրակոցներ արձակելու մեջ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Բաբկեն Գ․-ն հաշվառված է ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում, և նրան ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները ներկայացրել են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հուլիսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում ոստիկանության Սևանի բաժին տեղեկություններ են ստացվել, որ Սևանի թերակղզու լողափնյա տարածքներից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։