Ոչ մի թիկնապահ առանց իր շեֆի հրահանգի մարդ չի սպանի. Պողոս Պողոսյանի սպանության գործի քննությունը կվերսկսի

Ոչ մի թիկնապահ առանց իր շեֆի հրահանգի մարդ չի սպանի. Պողոս Պողոսյանի սպանության գործի քննությունը կվերսկսի

1in.am-ը գրում է․Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, բեկանել է Պողոս Պողոսյանի սպանության գործով դատապարտված Աղամալ Հարությունյանի վերաբերյալ դատավճիռն ու գործն ուղարկել Առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:

Հիշեցնենք, որ 2001 թվականի սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անվտանգության աշխատակից Աղամալ Հարությունյանի և Պողոսյանի միջև «Պրիվետ, Ռոբ» արտահայտության պատճառով «Առագաստ» սրճարանում վեճ էր սկսվել, որի հետևանքով Պողոս Պողոսյանը սրճարանի զուգարանում սպանվել էր:

Այդ սպանության համար Աղամալ Հարությունյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ նախկին Քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածով նախատեսված՝ հանցավոր անփութությամբ անզգույշ սպանություն կատարելու համար և 2002թ. փետրվարի 21-ի դատավճռով դատապարտվել էր 2 տարի պայմանական ազատազրկման։ Դատավճռի դեմ տուժողի իրավահաջորդի կողմից դատական ակտի դեմ տարվել է վերաքննիչ բողոք, որը, սակայն, թողնվել է առանց քննության։

2019 թվականի սեպտեմբերի 12-ին ՀՀ գլխավոր դատախազությունից Երևան քաղաքի դատախազություն էր ուղարկվել Սթիվեն Ջոն Նյուտոնի ներկայացուցիչների դիմումը, դրան կից ներկայացված ու թարգմանված փաստաթղթերը, ինչպես նաև Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննված՝ 2001 թվականի սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը «Առագաստ» սրճարանում Պողոս Պողոսյանի սպանության վերաբերյալ քրեական գործը:

Ըստ դատախազության, Սթիվեն Նյուտոնի հայտարարության ուսումնասիրությամբ պարզվել է, որ այն էական նշանակություն ունեցող այնպիսի տեղեկություններ է պարունակում դեպքի մասին, որոնք առերևույթ վկայում են Պողոս Պողոսյանի՝ կյանքից ոչ թե անզգուշությամբ զրկվելու, այլ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով դիտավորությամբ սպանության մասին, որից հետո գլխավոր դատախազի տեղակալը բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան՝ նոր երևան եկած հանգամանքների հիմքով վերանայելու և ամբողջությամբ բեկանելու 2002թ. փետրվարի 21-ի դատավճիռը՝ գործն ուղարկելով համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության: Դատախազության բողոքը Վերաքննիչ քրեական դատարանի կողմից ամբողջությամբ բավարարվել է:

Ի դեպ, նշենք, որ գլխավոր դատախազությունը Վերաքննիչ քրեական դատարանի որոշման մասին տեղեկացնելուց զատ, որոշ մանրամասներ է ներկայացրել, որոնք փաստում են, որ Աղամալ Հարությունյանը միայնակ չի գործել։

Ըստ դատախազության հաղորդագրության, հարուցված վարույթի ընթացքում կատարվել են մի շարք գործողություններ, հարցաքննվել են վկաներ, որոնք հաստատել են Պողոս Պողոսյանին մի քանի հոգով ծեծի ենթարկելու հանգամանքը:

Հարցաքննվել է նաև Ջոն Սթիվեն Նյուտոնը, որը տվել է ներկայացված վերոնշյալ վկայությանը նույնաբովանդակ ցուցմունք: Նշանակվել է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն, որի արդյունքներն էականորեն տարբերվում են նախկինում քրեական գործով տրված եզրակացության տվյալներից:

Նշված հանգամանքը, քրեական գործով ձեռք բերված այլ փաստական տվյալների, այդ թվում` գործով հարցաքննված անձանց ցուցմունքների հետ համակցությամբ, հաստատում են, որ մի խումբ անձինք ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել Պողոս Պողոսյանի մարմնի տարբեր մասերին, հատկապես գլխին, և պատճառել փակ բութ գանգուղեղային վնասվածք։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում