Ողջ Իտալիան հայ ժողովրդի կողքին է, որպեսզի այս ողբերգությունը չժխտվի ու չմոռացվի. Պաոլո Ֆորմենտինի

Ողջ Իտալիան հայ ժողովրդի կողքին է, որպեսզի այս ողբերգությունը չժխտվի ու չմոռացվի. Պաոլո Ֆորմենտինի

Իտալիայի Պատգամավորների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին որոշման հեղինակ Պաոլո Ֆորմենտինին իր զորակցությունն է հայտնում հայ ժողովրդին՝ նշելով, որ Իտալիան ու «Լեգա» կուսակցությունը հայ ժողովրդի կողքին են, որպեսզի չմոռացվի ու չժտվի հայ ժողովրդի ահռելի ողբերգությունը։ Այս մասին Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի անդամ Պաոլո Ֆորմենտինին ասաց «Արմենպրես»-ի հետ զրույցում։

«Ապրիլի 24-ին կլրանա Հայոց Ցեղասպաության 105-ամյակը: Ողջ Իտալիան, «Լեգա» կուսակցությունը, հայ ժողովրդի կողքին են, որպեսզի այս ողբերգությունը այլևս մոռացության չենթարկվի և չժխտվի: Իտալիայի խորհրդարանն ընդունել է մեր առաջարկած փաստաթուղթը, որով վերջապես ճանաչվում է այս ահռելի ողբերգությունը, այս սարսափելի ցեղասպանությունը»,- ասաց Ֆորմենտինին։

Նրա խոսքով՝ Ցեղասպանության 105-րդ տարելիցին, ցավոք, պետք է ընդունել, որ մարդկության դեմ նման սարսափելի ոճրագործության ճանաչման համար պայքարը դեռ երկար ճանապարհ ունի: «1915 թ. տեղի ունեցածը ժողովրդի դիտավորյալ բնաջնջում էր:

Պատմաբաններն այժմ ընդունում են, որ դա ինչ-որ առումով օգտագործվել է որպես օրինակ հրեա ժողովրդի Հոլոքոստի համար: Նույնիսկ այդպիսի սարսափելի իրադարձություններ նկարագրելու տերմինը ստեղծվել է Ռաֆայել Լեմկինի կողմից՝ հենց Մեծ Եղեռնն ի նկատի ունենալով:

Այս սարսափելի արյունահեղության հիշատակը վառ պահելու համար մենք պետք է շարունակենք պայքարը, որպեսզի խորհրդարաններին և կառավարություններին մղենք Հայոց ցեղասպանությունն ամբողջությամբ ճանաչելու ՝ հարգելով զոհերի և  իրենց տներից վտարվածների հիշատակը:

Համոզված եմ, որ մենք պետք է հիշենք և դատապարտենք Ցեղասպանությունը, որպեսզի ճանաչման միջոցով կանխենք նման սարսափելի իրադարձությունները»,-ընդգծեց իտալացի պատգամավորը:

Նա հուսով է, որ Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը: «Ես խորապես համոզված եմ, որ մենք չենք կարող ջնջել պատմությունը. դա հանցագործություն է և ինքնին պատմական փաստի ժխտում: 105 տարի անց հայ ժողովուրդը պետոք է տեսնի ճանաչում, մենք դա պարտական ենք 1,5 միլիոն զոհերին»,-նշեց Պաոլո Ֆորմենտինին: