Ողբերգական դեպք Նորատուս գյուղում. 44-ամյա վարորդը «Նիվա»-ով վրաերթի է ենթարկել հորեղբոր 13-ամյա թոռանը. վերջինս հիվանդանոցում մահացել է

Ողբերգական դեպք Նորատուս գյուղում. 44-ամյա վարորդը «Նիվա»-ով վրաերթի է ենթարկել հորեղբոր 13-ամյա թոռանը. վերջինս հիվանդանոցում մահացել է

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հուլիսի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում, «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, ոստիկանության Գավառի բաժնի պետ Ռոբերտ Պետրոսյանը, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանը:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Նորատուս գյուղի բնակիչ, 13-ամյա Կարեն Մ.-ն է:

Ըստ երեխայի հարազատների, նա մարմնական վնասվածքը ստացել է ավտովթարի հետևանքով: Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Արման Բաղդասարյանի և հատկապես կարևոր գործերով քննիչ Ավետիսյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 20:20-ի սահմաններում, Նորատուս գյուղի բնակիչ, 44-ամյա Արսեն Մ.-ն՝ իր վարած ՎԱԶ-2121 մակնիշի՝ առանց համարանիշի ավտոմեքենայով, Նորատուս գյուղի Գրիգոր Լուսավորիչ փողոցում վրաերթի է ենթարկել Կարեն Մ-ին, ով այնուհետև տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն, որտեղ էլ ժամեր անց՝ գիտակցության չգալով, մահացել է:

Փաստի առթիվ քննիչ Ավետիսյանի կողմից քրեական վարույթ է նախաձեռնվել:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Արսեն Մ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Ավտոմեքենան ճանապարհային ոստիկանները հայտնաբերել են և այն քննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Գավառի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Գ. Շամշյանի տեղեկություններով, մահացած երեխան սովորում էր Նորատուսի թիվ 2-րդ դպրոցի 8-րդ դասարանում և վարորդ Արսեն Մ.-ին հորեղբոր թոռն էր: