Ողբերգական դեպք՝ Մեծամորի ատոմակայանում

Ողբերգական դեպք՝ Մեծամորի ատոմակայանում

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունիսի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում «Մեծամոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Մեծամորի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Մեծամորի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սամվել Խմելյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտե Արմավիրի մարզային քննչական վարչության խումբը՝ քննիչ Տիգրանյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ՝ 59-ամյա Վարշամ Մ-ն էր, ով ժամը 10։40-ի սահմաններում «Հայաստանի ատոմային էլեկտրակայանում» հովացման աշտարակի վերանորոգման աշխատանքներ կատարելիս է եղել, երբ մոտ 7 մետր բարձրությունից երկաթյա խողովակը ընկել է նրա վրա, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։

Փաստի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում, քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։